Saudi Aramco ընկերությունը մասնավոր բանակցությունների միջոցով ասիական մի շարք ՆՎԳ-ների հում նավթ է առաջարկում Հորմուզի նեղուցը շրջանցող ճանապարհով։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրազեկ երկու աղբյուրներ՝ նշելով, որ այդ ռազմավարությունը նման է ԱՄԷ-ի Abu Dhabi National Oil Co (ADNOC) ազգային նավթային ընկերության մոտեցմանը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հազվադեպ քայլի շրջանակում Aramco-ն բանակցություններ է վարում գնորդների հետ ԱՄԷ-ի Ֆուջեյրայի ափերի մոտ նավից նավ (STS) բեռնաթափման միջոցով Arab Medium և Arab Heavy տեսակի նավթի մատակարարման շուրջ։ Սկզբնաղբյուրներից մեկը հստակեցրել է, որ խոսքը սեպտեմբերյան առաքումներով մատակարարումների մասին է։
Դեռևս չի հստակեցվում, թե հատկապես ինչ ճանապարհով է Aramco-ն իր բեռները հասցրել Ֆուջեյրա։ Այս առաջարկները դարձան հերթական ապացույցն այն բանի, որ Հորմուզի նեղուցի աշխատանքում տևական խափանումների ֆոնին նավթի մատակարարումները շրջանցիկ ուղիներ են գտնում։
Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր ընկերությունը Arab Light տեսակի նավթի արտահանումը վերաուղղորդել է նաև Կարմիր ծովում գտնվող իր Յանբու նավահանգիստ, իսկ Կարմիր ծովում Իրանի հետ կապված հութիների հարձակումներից հետո նույն տեսակի նավթն առաջարկել է Միջերկրածովյան Սիդի Քերիր եգիպտական նավահանգստից։
Հորմուզի նեղուցից և Կարմիր ծովից մատակարարումների խափանումներն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի և նավերի վրա եմենցի հութիների հարձակումների պատճառ են։ Դրանք կրճատել են Aramco-ի շուկայական մասնաբաժինը իրացման այնպիսի առանցքային շուկաներում, ինչպիսին Հնդկաստանն է։
Ընդհակառակը, Պարսից ծոցի Ակվատորիայից դեպի նեղուցից դուրս գտնվող ջրեր նավթի անխափան առաքումներն օգնել են ԱՄԷ-ին ավելացնել նավթի վաճառքը․ ADNOC ընկերությունը մրցույթների միջոցով իրացրել է ավելի քան 100 միլիոն բարել։
Նման պայմանավորվածությունները թույլ են տալիս ասիական նավթավերամշակման գործարաններին նավթ ստանալ առանց սեփական տանկերները նեղուց ուղարկելու։