ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած նոր սպառնալիքի կամ ագրեսիայի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վճռական պատասխան կտա ցանկացած նոր սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի։

ԻՀՊԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել Իրանի դեմ 1980-ականներին Սադամ Հուսեյնի մղած պարտադրված պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված իրանցի ռազմագերիների հայրենիք վերադարձի 36-րդ տարելիցի առթիվ, հաղորդում է Press TV-ն։

ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ներկայիս ճգնաժամային պահին իր զինծառայողները ոգեշնչվում են իրանցի ռազմագերիների անձնազոհությունից, տոկունությունից և խիզախությունից՝ ապավինելով Ամենաբարձրյալին և հետևելով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ցուցումներին։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԻՀՊԿ-ն «հավաստիացնում է Իրանի արժանապատիվ ժողովրդին, որ իր ուժերը, գտնվելով լիակատար պատրաստվածության վիճակում և վճռականորեն տրամադրված լինելով գործի դնել առկա ամբողջ ներուժը, կգործեն երկրի մյուս հզոր զինված ուժերի հետ սերտ համակարգմամբ և փոխգործակցությամբ՝ պաշտպանելու համար Իսլամական հեղափոխությունը և Իրանի տարածքային ամբողջականությունը, անկախությունը, արժանապատվությունն ու ազգային շահերը»։

Էլիտար ռազմական կազմավորումը նախազգուշացրել է նաև, որ իր զինծառայողներն «առավելագույն հաստատակամությամբ վճռականորեն կջախջախեն ցանկացած սպառնալիք կամ ագրեսիայի ակտ»՝ հենվելով առավելագույն զսպման ռազմավարության և հզոր հարձակողական գործողությունների վրա։

ԻՀՊԿ-ում նշել են, որ օգոստոսի 17-ն այն օրն է, երբ իրանցի ռազմագերիները մի քանի տարվա բանտարկությունից հետո վերադարձան հայրենիք Սադամ Հուսեյնի ռեժիմի տխրահռչակ բանտերից։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ռազմագերիները կոչվել են «Իրանի դիրքորոշման արդարացիության և նրա նկատմամբ գործադրված անարդարության կենդանի վկայություն»։ Գերատեսչությունում ընդգծել են, որ նրանք շարունակում են նահատակների ժառանգությունը, ծառայում են որպես համբերության և տոկունության օրինակ և մարմնավորում ազատության ու պատվի իդեալները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *