Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզի գլխավոր այցեքարտերից մեկը մոտ 2.5 մլն բնակչություն ունեցող Օրդոս քաղաքն է, որն ահռելի տարածք է զբաղեցնում` շուրջ 87.000 քառակուսի կիլոմետր։

Հատկանշական է, որ հսկայական այս քաղաքը բոլորովին վերջերս է կառուցվել` ընդամենը 12 տարում. քաղաքի կառուցման աշխատանքները զրոյից մեկնարկել են 2004թ-ին և ընդհանուր առմամբ ավարտին հասել 2016թ-ին, թեև այժմ էլ քաղաքում շինարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանում։

Այս քաղաքն ածխի և գազի արդյունահանման խոշոր կենտրոններից մեկն է Չինաստանում, ինչն իր հերթին է նպաստել այստեղ շինարարական բումին, հետագայում էլ` նորաստեղծ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման և կենսապայմանների ապահովման համար։

Ռեկորդային կարճ ժամանակում այստեղ ճանապարհային հսկայական ցանց, բնակելի թաղամասեր, կառավարական շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրային տարածքներ, այգիներ, ջրային ենթակառուցվածքներ և մշակութային հաստատություններ են կառուցվել` ապահովելու տեղի բնակչության կարիքները։ Ճանապարհները, երկաթուղիները, օդանավակայանները և էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքները կապում են Օդրոսում գտնվող հանքերն ու արդյունաբերական կենտրոնները Չինաստանի մնացած մասի հետ։

Օրդոսի գլխավոր այցեքարտերից մեկը Երաժշտական երգող շատրվանն է, որը երեկոյան ժամերին քաղաքի բնակչության ժամանցի գլխավոր վայրն է։ Շատրվանային համալիրը, հագեցած տեխնոլոգիական նորագույն լուծումներով, բաղկացած է մեկ հիմնական շատրվանից և շուրջ 3000 օժանդակ ծորակներից, որոնց լուսային հագեցվածությունն ապահովվում է մոտ 1700 ստորջրյա լույսերի օգնությամբ։ Երգող այս շատրվանի գլխավոր շիթը կարող է հասնել ընդհուպ 230 մետրի. համեմատության համար ԱՄԷ-ում գտնվող Դուբայի հանրահայտ շատրվանի շիթը կարող է հասնել շատ ավելի ցածր` մինչև 150 մետր բարձրության։
Ներքին Մոնղոլիան Չինաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող և քաղաքական առումով առանձնահատուկ շրջաններից մեկն է: Պեկինի մոտեցումը երկրի զարգացման, ռեսուրսների արդյունահանման, քաղաքաշինության, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման հարցում, թերևս, հենց այստեղ է ակնհայտ դառնում:
Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանը ձգվում է Չինաստանի հյուսիսում` սահմանակցելով Մոնղոլիային և Ռուսաստանին։ Այն մոտ 24 միլիոն բնակչություն ունի և Չինաստանի էներգետիկ և բնական ռեսուրսների գլխավոր աղբյուրներից մեկն է, որտեղ վերջին տարիներին մեծ թափով զարկ է տրվում նաև քամու և արևային էներգիայի արտադրությանը։
Հայկ Սահակյան
Նարեկ Խաչատրյան