Իրանը որոշել է պաշտպանողական կեցվածքից անցնել «հարձակողական» քաղաքականության, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու ջանքերը փակուղի են մտնել։
Խաղաղության գործընթացը և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկության վերսկսումը լիովին կանգ են առել, և չկա որևէ նշան, որ հակամարտող կողմերը քայլեր են անում պատերազմն ավարտելու ուղղությամբ: Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել ամերիկյան նավատորմի շրջափակումը ճեղքելու համար, եթե դիվանագիտական բոլոր ուղիները փակվեն:
Իրավիճակի կտրուկ սրման հիմնական պատճառը փոխհամաձայնության հուշագրի ժամկետի լրանալն է, օգոստոսի 17-ին սպառվել է հունիսի 17-ին ստորագրված փաստաթղթի 60-օրյա ժամկետը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նեղուցի կառավարման հարցում։ Իրանը պահանջում է բացառիկ վերահսկողություն, ինչը Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները կտրականապես մերժում են:
Տարաձայնությունների ֆոնին Իրանը սկսել է հարձակվել առևտրային նավերի վրա, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագիրը հայտարարել է չեղարկված և Իրանին կոչ արել բարձրացնել «կապիտուլյացիայի սպիտակ դրոշը»:
Թեհրանը, որպես բանակցությունների վերսկսման նախապայման, իր պահանջները կատարելու համար Վաշինգտոնին մի քանի շաբաթ ժամանակ է տվել: Իր հերթին, Թրամփը սպառնացել է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք և զգուշացրել Օմանին, որ Վաշինգտոնը զանգվածային հարվածներ կհասցնի, եթե վերջինս խոչընդոտի ամերիկյան գործողություններին: Օմանն ու Իրանը վերջին շաբաթներին բանակցություններ էին վարում նեղուցով նավագնացության ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ, ինչն էլ հարուցել է Սպիտակ տան դժգոհությունը