
Հոդվածի հիմնական թեզը հստակ է՝ Լոռին առիթն է, խոսքը երկրի անտառների պահպանության մասին է
Անտառի յուրաքանչյուր ծառի ոչնչացումը պետք է դիտել ոչ թե որպես մեկ ծառի կորուստ, այլ որպես անտառի ամբողջականության դեմ ոտնձգություն։ Անտառների մասին խոսելիս դժվար է շրջանցել ահազանգերը՝ ապօրինի ծառահատումներ, ճանապարհաշինության հետեւանքով ծառերի ոչնչացում, անտառային հողերի օգտագործման խախտումներ, չվերականգնված հատատեղեր։ Հարց է ծագում՝ արդյո՞ք լավ ենք պահպանում մեր անտառները։
Ալավերդի համայնքի Հագվի գյուղի ճանապարհը վերակառուցվում է։ Ծրագիրը կարեւոր է: Դժվար է հակադրել ճանապարհը բնությանը՝ ընտրելով մեկը։ Չենք ասում՝ բարվոք ճանապարհ պետք չէ։ Հարցնում ենք` ինչ գնով ենք այն կառուցում։ Հեռուստալրագրող Հրաչ Պապինյանն ահազանգում է՝ ճանապարհաշինությունը վերածվել է անտառային խնդրի։ 1990-ականներին կառուցված ճանապարհի երկու կողմում ձեւավորվել է երիտասարդ անտառ, որը դարձել է ճանապարհի բնական եզրագիծը։ Այժմ այդ անտառի մի հատվածը ոչնչացվում է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում։
Պապինյանի կարեւոր դիտարկումներից մեկն է ՝ արդյո՞ք ճանապարհի նախագծման ժամանակ բավարար մասնագիտական ուսումնասիրություն է իրականացվել։ Եթե գործող ճանապարհն ունեցել է ավելի քան 7մ լայնություն, իսկ զառիթափ կողմում տասնամյակներ շարունակ խնդիրներ չեն արձանագրվել, ապա անհրաժեշտ է հանրությանը բացատրել, թե ինչու էր անհրաժեշտ ճանապարհը լայնացնելու կամ թեքելու համար ոչնչացնել ճանապարհամերձ անտառը։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը երիտասարդ հացենու ծառուտի մասին է։ Այստեղ ծնվում է մեկ այլ՝ ավելի կարեւոր հարց․ ինչպե՞ս է որոշվում, թե որ ծառը կարելի է հատել, ինչ հիմնավորմամբ, ինչ թույլտվությամբ եւ ինչ փոխհատուցող կամ վերականգնող գործողությամբ։ Հագվիի դեպքում, ըստ հրապարակված ահազանգի, տեղում աշխատողները պատասխանել են, որ աշխատում են նախագծով։ Բայց այստեղ այլ հարցեր են ծագում․ ո՞վ է նախագծել, ո՞վ է համաձայնեցրել, բնապահպանական գնահատում եղե՞լ է, եթե ծառահատումն օրինական է, ապա ո՞ր փաստաթղթով է այն հիմնավորվում։ Որովհետեւ օրինական թույլտվությունը չի նշանակում, թե բնապահպանական հարց գոյություն չունի։ Հագվիի պատմությունը կարելի էր համարել առանձին դեպք, եթե դրան չհաջորդեր մեկ այլ, շատ ավելի ծանր փաստ։ Օգոստոսի 14-ին «Հրապարակը» հրապարակեց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Թվերը խոսուն են` արձանագրվել է 496 ապօրինի հատված ծառ, բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 114 մլն 686 հազար 928 դրամ։ Ստուգմամբ արձանագրվել է նաեւ ընդհանուր 8 320 քմ մակերեսով ճանապարհների կառուցում՝ առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման դրական եզրակացության եւ լիազոր մարմնի համաձայնության, ինչպես նաեւ՝ անտառաշինական նախագծերի բացակայությամբ։ Արձանագրվել են նաեւ անտառահատման տոմսերի, անտառաշինական նախագծերի եւ կառավարման պլանի միջեւ անհամապատասխանություններ։ Համատարած հատման ենթարկված որոշ տարածքներում անտառվերականգնման միջոցառումներ չեն իրականացվել։ Սա նաեւ ցույց է տալիս, որ անտառի պահպանության խնդիրը միայն ծառ հատողին հայտնաբերելը չէ, այլ թե ով է թույլ տվել, վերահսկել, ստորագրել։ Ով չի նկատել։ Ուր է գնացել փայտանյութը եւ այլն։ Սա անտառի կառավարման նկատմամբ հանրային վստահության հարց է։
«Անտառ չի մնացել». ահազանգ
2025 թ. օգոստոսին «Ազատությունն» արձանագրել էր բնապահպանների ահազանգը՝ Իջեւանում հատված ծառերի եւ փայտով բեռնված մեքենաների շարժի մասին։ Մի փոքր հատվածում երկու տասնյակ հատված ծառի հետքեր էին արձանագրվել։ Էկոպարեկային ծառայության աշխատակիցը նշել էր, որ ծառահատումների աճ չկա, նույնիսկ նվազում կա։ Պաշտոնյան կարող է ցույց տալ արձանագրված դեպքերի դինամիկան, իսկ լրագրողը կամ բնապահպանը՝ անտառի կոնկրետ հատվածի իրական վիճակը։ Ուստի այն հարցը, թե քանի վարչական կամ քրեական դեպք է արձանագրվել, բավարար չէ։ Պետք է իմանալ՝ որքան անտառածածկ տարածք է կորսվել, քանի հա է հատվել, քանի ծառ է ոչնչացվել, որքան փայտանյութ է դուրս բերվել եւ, ամենակարեւորը՝ որքան է չբացահայտվածը։
Պետությունը պայքարո՞ւմ է
Պետական կառույցների հայտարարություններով՝ այո: 2025 թ. գործարկվել է էկոպարեկային ծառայությունը, որն անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է պահպանություն եւ վերահսկողություն։ Համակարգը նախատեսված է խախտումների արձանագրման եւ իրավական պատասխանատվության գործընթացներ սկսելու համար։ 2025 թ. հաշվետվությամբ՝ էկոպարեկային ծառայության յոթ մարզային վարչություններն արձանագրել են բնապահպանական իրավախախտման 903 դեպք, որոնց մասով հաշվարկվել է բուսական եւ կենդանական աշխարհին պատճառված 429 մլն դրամ վնաս: Սխալ կլինի ասել, թե խնդիրը լուծված է։ Պետական համակարգի ուժեղացումը գնահատվում է ոչ միայն նրանով, թե քանի խախտում է հայտնաբերվել, այլ՝ թե քանի ծառ են փրկել։
Ծառ տնկելը դեռ անտառ վերականգնել չէ
Պաշտոնական տվյալներով՝ 2025 թ. երկրում իրականացվել է 759.6 հա անտառվերականգնում: Բայց այստեղ էլ պետք է զգույշ լինել թվերի հետ։ Հաջողության չափանիշը պետք է լինի ոչ միայն տնկված ծառերի թիվը, այլեւ այն, թե քանի տարի անց դրանցից քանիսն են կենդանի, ինչպիսի անտառային էկոհամակարգ է ձեւավորվել, ինչպես է տարածքը դիմադրում երաշտին, հրդեհներին, վնասատուներին եւ մարդկային ճնշմանը։ Անտառը ծառերի շարան չէ։ Այն ջուր է պահում, պաշտպանում է հողը, ապահովում է կենսաբազմազանություն, ազդում է միկրոկլիմայի վրա։ Մի ծառ կարելի է կտրել րոպեների ընթացքում, իսկ այն էկոհամակարգը, որը ձեւավորվել է տասնամյակների ընթացքում, նույն արագությամբ վերականգնել հնարավոր չէ։
«Սպանդ» բառը չափազանցությո՞ւն է
Եթե «անտառի սպանդ» ասելով նկատի ունենանք, որ բոլոր անտառներում զանգվածային ու անվերահսկելի ոչնչացում է տեղի ունենում, նման եզրակացության բավարար հիմքեր չկան։ Բայց եթե նկարագրում ենք այն իրավիճակը, երբ անտառային առանձին հատվածներում տեղի են ունենում ապօրինի լուրջ հատումներ, ճանապարհաշինությունը դառնում է ծառերի կորստի պատճառ, երբ վերահսկողությունից դուրս են մնում բազմաթիվ հարցեր, քաղաքացին ստիպված է ինքնուրույն ահազանգել՝ անտառի վիճակը ցույց տալու համար, ապա խնդիրն իրական է։
Ի՞նչ անել
Իմ ուսումնասիրությունն ինձ ասում է՝ պետք է արձագանքող վերահսկողությունից անցնել կանխարգելիչ վերահսկողության։ Ոչ թե սպասել, որ ծառը հատվի, ճանապարհը կառուցվի, անտառային տարածքը վնասվի, հետո արձանագրել խախտումը, այլ շուտ նկատել վտանգը։ Մասնագետները հաստատում են, որ անհրաժեշտ է թվայնացված եւ քարտեզագրված վերահսկողություն՝ արբանյակային պատկերներ, անօդաչու սարքեր, GPS-ով պարեկություն եւ անտառային տարածքների պարբերական համեմատական դիտարկում։ Քաղաքացին նույնպես պետք է տեսնի` որտեղ է անտառ հատվում, ինչու, որ փաստաթղթի հիման վրա։ Եթե կա ապօրինի ծառահատում, պետք է պարզվի՝ ով է կազմակերպել, ով է տեղափոխել, ով է ընդունել կամ վաճառել փայտանյութը: Վերջապես, պետք է ուժեղացնել համայնքների դերը։ Անտառամերձ բնակավայրի բնակիչն առաջինն է տեսնում, թե ինչ է կատարվում անտառում։ Նրա ահազանգը պետք է ոչ թե կորչի համակարգում, այլ ունենա հստակ ընթացք եւ տեսանելի արդյունք։ Անտառը միայն պետության ունեցվածքը չէ։ Այն հանրային ժառանգություն է։
Լոռուց սկսվող այս խոսակցությունը պետք է ավարտվի ոչ թե միայն Հագվիում «քանի ծառ է կտրվել» հարցով, այլ ամբողջ երկրի համար մեկ մեծ հարցով՝ ինչ անտառ ենք ուզում թողնել հաջորդ սերնդին։ Այսօր մենք դեռ ունենք անտառներ, որոնք կարելի է պաշտպանել։ Պայքարը կա, որոշ ուղղություններով համակարգն ուժեղացել է, վերահսկողության նոր մեխանիզմներ են ներդրվում, անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվում, բայց գոհ լինելու հիմքեր դեռ չկան։ Անտառի պահպանության իրական հաջողությունը պետք է չափել ո՛չ ընդունված ծրագրերի, ՛ոչ էլ արձանագրված խախտումների թվով, այլ նրանով, թե տարիներ անց որքան անտառ է պահպանվել, որքան է վերականգնվել, եւ որքանով է առողջացել անտառային էկոհամակարգը։ Որովհետեւ ծառը կտրելն այսօր կարելի է անել մեկ օրում, իսկ անտառը վերականգնելը պահանջում է տասնամյակներ։
Նկարում՝ Հագվիի ճանապարհի կառուցման ընթացքում ճամփեզրի ծառերը «փրթվել» են