Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»


Աշխարհ


Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։

«Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների հանցակից և մասնակից», – ասվում է օգոստոսի 17-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։ «Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ», – նշել է դիվանագիտական ​​առաքելությունը՝ հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտության մեջ, «այնքան բարձր կլինի գինը», որ նա ստիպված կլինի վճարել։

Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը BBC-ին ասել է, որ Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»։

«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա այս կառավարության վճռականության մեջ՝ հակազդելու ռուսական ագրեսիային՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Մեծ Բրիտանիայի և մեր դաշնակիցների դեմ», – ընդգծվում է նախարարության խոսնակի հայտարարության մեջ։

Պաշտոնյան հավելել է, որ Մեծ Բրիտանիան «հանձնառու է Ուկրաինային տրամադրել այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ) Պուտինի անօրինական ներխուժումից պաշտպանվելու համար»։

BBC-ն նշում է, որ խոսքը երկու տարբեր բրիտանական ընկերությունների կողմից արտադրված ԱԹՍ-ների մասին է, որոնք Ռուսաստանում օգտագործվել են ռազմական և արդյունաբերական թիրախների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին և Wildberries առցանց խանութի պահեստներին բազմաթիվ հաջող հարվածներ հասցնելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *