
Խոսքի ազատության դարաշրջանում սոցիալական ցանցում արված սովորական գրառումը կարող է հիմք դառնալ ծավալուն քրեական հետապնդման համար։ Գյումրեցի քաղաքացիական ակտիվիստ Մհեր Խաչատրյանի դեմ դեռ անիսներ առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարողի վերաբերյալ զրպարտչական կամ վիրավորական տեղեկություններ տարածելը) հարուցվել է շուրջ 220 էջանոց քրեական գործ։ Ինչի՞ մասին էր աղմկահարույց գրառումը։
Պարզվում է` քրեական հետապնդման առիթ է դարձել ակտիվիստի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ նա քննադատության էր ենթարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանին։
Մհեր Խաչատրյանն իր գրառման մեջ մասնավորապես գրել էր․
«Այս անսկզբունք ծաղրածուն դեռ 2025 թվականի հունիսի 30-ին հրապարակայնորեն ապացուցեց, որ ծառայում էոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագար նեոնի քմահաճույքներին։ Նրա գլխավորած կառույցն այժմ գործի է անցել և, ստացված հրահանգով, ամեն գնով փորձում է խոչընդոտել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը․․․»։
Ուշագրավ է, որ ֆեյսբուքյան այս գրառման մեջ «հանցակազմ» է նկատել և դատախազություն համապատասխան գրություն ուղարկել նույն ոստիկանը, որը ժամանակին հայց էր ներկայացրել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։
Hraparak.am-ը տեղեկացավ, որ ակտիվիստին ամիսներ շարունակ տանել-բերելուց և դատավարական ձգձգումներից հետո որոշում է կայացվել գործի քննությունն ու դատական նիստերը Գյումրիից տեղափոխել Երևան։ Ինքը` Մհեր Խաչատրյանը սա գնահատում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող ճնշման միջոց և խոսքի ազատության ոտնահարման հերթական դեպք։Ի դեպ, Մհերի հայրը`Դավիթ Խաչատրյանը արցախյան առաջին պատերազմում զոհված գյումրեցի ազատամարտիկներից է։