Շտուտգարտի բարձրագույն երկրամասային դատարանը Ուկրաինայի երեք քաղաքացիներից մեկին դատապարտել է մեկ տարի և երեք ամիս ազատազրկման՝ ռուսական հետախուզության շահերից բխող դիվերսիաների նախապատրաստման գործով։ Մյուս երկու ամբաստանյալները արդարացվել են, հայտնում է Bild-ը։
Գերմանիայի Դաշնային դատախազության վարկածով՝ տղամարդիկ Քյոլնից GPS-տրեկերներով ծանրոցներ էին ուղարկում՝ պարզելու ուկրաինական «Նովա պոշտա» ընկերության առաքման երթուղիները։
Քննությունը կարծում է, որ հետագայում նույն երթուղիներով նախատեսվում էր ուղարկել հրկիզիչ սարքերով ծանրոցներ։ Դրանք պետք է բռնկվեին Գերմանիայում կամ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքով փոխադրման ընթացքում և հնարավորինս մեծ վնաս պատճառեին։ Մեղադրանքի վարկածով՝ նման հարձակումների նպատակը բնակչությանը ահաբեկելն էր։
Դատավարության գլխավոր հարցերից մեկն այն էր, թե արդյոք ամբաստանյալներն իրենք հասկանում էին, որ աշխատում են ռուսական հատուկ ծառայության համար։ Փորձագետները նրանց դասում էին այսպես կոչված «մեկանգամյա գործակալների» շարքին՝ կատարողների, որոնց հատուկ ծառայությունները օգտագործում են առանձին հանձնարարությունների համար, իսկ հետո լքում։ Երեքն էլ հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։