Անորոշ խոստումների դրժո՞ւմ, թե՞ արտաքին սխալ քաղաքականություն

Նախորդ հոդվածումս անդրադարձել էի Նիկոլի դավադրապաշտական տեսությանը՝ ԵԱՏՄ-ի հարցով: Հիմնավորել, որ ոչ թե ինչ-որ անորոշ խոստումներ են եղել ընդդիմությանը կամ նրա կողմից, այլ ԵԱՏՄ-ի խնդիրների պտճառը հենց ինքն է: Ու, բնական է, չէի սպասում, որ դրան անդրադարձ կլինի անմիջապես՝ կապված ԱԳ փոխնախարարի ԺՊ Կոստանյանի ուկրաինական այցի հետ: Ռուսական «Ռիբար» տելեգրամյան ալիքը նույնիսկ արձանագրել էր ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբինյան Ռուբենի «ընտրվելուց» հետո վերջինիս կատարած առաջին զանգին, որը հասցեագրված էր Ուկրաինայի Գերագույն ռադայի (խորհրդարանի) նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին։

Բայց վերադառնանք Կոստանյանի երկօրյա աշխատանքային այցին: Պետք է մտածել, որ դրա առաջնային նպատակը Կիեւ-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի հանդիսությանը մասնակցելն էր: Հատկապես որ այցի առաջին օրը փոխնախարարի ԺՊ-ն հանդիպել է իր գործընկեր, ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Իսկ հետո նույն օրը, չգիտես ինչու, հանդիպել էր Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ: Չբավարարվելով դրանով՝ հաջորդ օրը հանդիպել էր ԳՌ արտաքին քաղաքականության եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի հետ: Թե անձնապես ինչ պետք է քննարկեր մեր ԱԳՆ-ի պաշտոնյան ուկրաինական ԳՌ-ի երկրորդ մակարդակի ղեկավարության հետ, անհասկանալի է: Հատկապես որ դրանից առաջ Ռուբինյանն արդեն խոսել էր ուկրաինական իր գործընկերոջ հետ:

Ինչեւէ, այցի երկրորդ օրը Կոստանյանը Կիեւում մասնակցել է Կիեւ-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարությանը: Եվ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, «կարճատեւ զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ»: Ուկրաինայի նախագահի եւ ԱԳ փոխնախարարի հետ զրույցներից «ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան՝ զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու եւ հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը»: Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի եւ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներին, ապա դա անելը ՀՀ ԱԳՆ-ի գործառույթների շրջանակում է:

Ենթադրում եմ, որ այսքանը կարդալով՝ ցանկացած մեկը պետք է վերհիշեր, որ 2022-ի փետրվարի վերջից ընթանում է ռուս- ուկրաինական պատերազմը, որի մի կողմը ՀՀ-ի հետ անվտանգության ու փոխօգնության պայմանագիր ստորագրած ՌԴ-ն է, իսկ մյուս կողմը՝ նախկինում ակտիվորեն գործող հակառուսական ու հակահայկական ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ Ուկրաինան: Ու այդքանը վերհիշելով՝ պետք է մտածեր, թե ճի՞շտ ուղու վրա է արդյոք ՀՀ ԱԳՆ-ն: Եթե մտածեր, որ հենց այդպես էլ պետք է լիներ, ապա պետք է նաեւ մտածեր, թե այդ դեպքում ինչու չպետք է խնդիր առաջանար ԵԱՏՄ-ի շրջանակում, որի դրդիչ ուժը գոնե մեզ համար, չմոռանանք, հենց Ռուսաստանն է: Ինչպե՞ս կարող է այդ հզոր երկրի ղեկավարությունը խնդիր չունենալ իրեն թշնամի պետության բարեկամի հետ:

Ու հենց վերը նշվածի համատեքստում պետք է դիտարկել ԵԱՏՄ շրջանակներում պրոբլեմների առաջանալը եւ ոչ թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վկայակոչած՝ անորոշ ինչ-որ «խոստումների չկատարման պարզաբանումների կոնտեքստում»: Եվ դա ոչ թե անլուրջ է, այլ չափազանց լուրջ խնդիր՝ մեր ժողովրդին ու տնտեսությանը հարվածող: Եվ իրականությունն էլ գլխիվայր շրջելու պարագայում արտաքին սխալ քաղաքականությունն էլ չի վերածվում իբրեւ թե «պատերազմի եռագլուխ կուսակցություններին» կամ նրանց կողմից ինչ-որ բան խոստանալու հետեւանքում առաջացած երեւութական լարումի, ինչը ռուսական կողմում դիտարկվում է որպես «ոչ միայն հայերի հետագա հեռացում Ռուսաստանից, այլեւ շատ կոնկրետ քայլեր՝ ռուսական շահերին հակազդելու համար» (Ռիբար)։ Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը փորձում է մարդկանց հիմարի տեղ դնել՝ շարունակ կրկնելով, թե Հայաստանը Ռուսաստանի շահերին հակադիր ոչ մի քայլ չի անում:

ՀԳ. Չմոռանամ ասել, որ արտաքին սխալ քաղաքականություն վարելու առումով խնդիրն ԱԳՆ-ի մեջ չէ: ԱԳՆ-ն ընդամենը կատարում է այն, ինչ որոշվում է մեկ անձի կողմից, որը, ինչպես ինքն էր վերջերս հայտարարել, կառավարությունն է: Այսինքն, ոչ թե կառավարության ղեկավարը, այլ ողջ կառավարությունը: Չիմացողներին հայտնեմ, որ արեւմտյան ժողովրդավարության տեսակետից դրանք տարբեր բաներ են, ինչի վրա, դժբախտաբար, արեւմտյան ժողովրդավարությունը թքած ունի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *