Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իդլիբ նահանգում գտնվող Աբու էդ-Դուհուր սիրիական ռազմական ավիաբազային։ Դեպքը տեղի է ունեցել ռազմական և լոգիստիկ սարքավորումներով, այդ թվում՝ ռադարներով ու անօդաչու թռչող սարքերով զինված թուրքական ուժերի ժամանումից հետո։ Այս մասին հայտնել է իսրայելական Army Radio ռադիոկայանը։
Սիրիական ռազմական աղբյուրի տվյալներով՝ իսրայելական ինքնաթիռները հինգ հրթիռ են արձակել բազայի հիմնական թռիչքուղու ուղղությամբ: Արդյունքում հասցվել է զգալի նյութական վնաս, սակայն զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Աղբյուրը Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ հարձակումից մի քանի ժամ առաջ շրջանի երկնքում բազմիցս նկատվել են անհայտ պատկանելության հետախուզական ինքնաթիռներ:
Ավելի վաղ սիրիական պետական ԶԼՄ-ները հայտնել էին բազային հասցված իսրայելական ութ ավիահարվածի մասին: Նրանց տվյալներով՝ հարվածները նույնպես հանգեցրել են նյութական վնասների, սակայն զոհեր չեն եղել:
2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի կառավարության անկումից ի վեր սա առաջին հարձակումն է եղել Աբու էդ-Դուհուր ավիաբազայի ուղղությամբ: