Էկվադորի նախկին ԱԳ նախարարը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջադրման մասին

Էկվադորցի դիվանագետ, Էկվադորի նախկին արտաքին գործերի նախարար Իվոն Բակին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նրա պաշտոնական թեկնածությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացրել է Տոնգայի Թագավորությունը։

Բակին իրեն ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն է հայտնել Տոնգայի թագավոր Տուպոու VI-ին, վարչապետ Լորդ Ֆակաֆանուային, արտաքին գործերի նախարար և թագաժառանգ արքայազն Տուպոուտոա Ուլուկալալային, ինչպես նաև ՄԱԿ-ում Տոնգայի մշտական ներկայացուցիչ Վաինգու Տոնեին։

X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ Բաքին նշել է, որ ունի Էկվադորի արտգործնախարարի, Անդյան խորհրդարանի նախագահի և չորս աշխարհամասերում Էկվադորի դեսպանի աշխատանքային փորձ: Նրա խոսքով՝ ինքը նաև մասնակցել է ՄԱԿ-ի անդամ երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքման միջնորդական առաքելությանը:

«Ես պատրաստ եմ օգնել վերանորոգել ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար խոստումը և ապագա սերունդներին զերծ պահել պատերազմի աղետներից», — հայտարարել է Բակին։

Նա ընդգծել է, որ մտադիր է հասնել կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և ընթացակարգերից շեշտը տեղափոխել դեպի ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների ու աշխարհի բնակչության համար շոշափելի ու չափելի արդյունքներ:

Բաքին նաև պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ի տասներորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարի շրջանակում խորհրդակցություններ անցկացնել ՄԱԿ-ի անդամ պետությունների, Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *