Գերմանիայում 15 ամսվա ազատազրկման են դատապարտել լրտեսության և GPS-տեղորոշիչների գործով դատապարտված ուկրաինացուն

Ուկրաինայի քաղաքացին լրտեսության գործով 1 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել Գերմանիայում․ դատարանը նրան մեղավոր է ճանաչել GPS-տեղորոշիչներով ծանրոցներ ուղարկելու մեջ, որոնք, ըստ պնդումների, կարող էին օգտագործվել դիվերսիաների նախապատրաստման համար, հայտնում է Associated Press-ը:

Ընդ որում, գործով անցնող Ուկրաինայի մյուս երկու քաղաքացիներն արդարացվել են:

Որոշումը երեքշաբթի կայացրել է Շտուտգարտի բարձրագույն երկրային դատարանը: Գերմանական dpa գործակալության տվյալներով՝ դատապարտյալը Գերմանիայից կազմակերպել է GPS-փոխանցիչներով երկու ծանրոցների ուղարկումը և, դատարանի կարծիքով, պետք է հասկանար, որ սարքերը կարող են օգտագործվել օբյեկտներին հետևելու և դիվերսիաներ նախապատրաստելու համար:

Գերմանիայի դաշնային դատախազության պնդմամբ՝ գործողության պատվերը ստացվել է ռուսական հետախուզությունից՝ Մարիուպոլում գտնվող միջնորդների միջոցով։ Դրա նպատակն է եղել տվյալներ հավաքել փոստային ծառայություններից մեկով ծանրոցների փոխադրման երթուղիների և ընթացակարգերի վերաբերյալ։

Քննության վարկածով՝ հաջորդ փուլով նախատեսվում էր ուղարկել հրկիզող սարքեր պարունակող ծանրոցներ, որոնք պետք է պայթեին տեղափոխման ընթացքում։ Դատախազության տվյալներով՝ դիվերսիայի նպատակն էր վնաս պատճառելն ու հասարակության շրջանում տագնապ և անպաշտպանվածության զգացում առաջացնելը։

Այնուամենայնիվ, դատարանը պարզել է, որ մեղադրյալները դիվերսիաներ իրականացնելու հստակ ծրագրեր չեն ունեցել: Ենթադրյալ գործողության նախապատրաստական փուլում երեք տղամարդիկ անցյալ տարի ձերբակալվել էին Գերմանիայում և Շվեյցարիայում:

Դատապարտյալը կրկին բանտ չի ուղարկվի․ նրան նշանակված ժամկետն ամբողջությամբ ծածկվել է նախնական կալանքի տակ անցկացրած ժամանակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *