
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում կադրային ջարդ է իրականացնում, որպեսզի բանակում տիրող բարձիթողի վիճակի մեղքը բարդի նրանց վրա։ Մասնավորապես, մի քանի կարեւոր ենթակառուցվածքների ղեկավարների այս օրերին տեղեկացրել են, որ իրենց պայմանագրերը չեն երկարացվելու, եւ նրանք այլեւս չեն աշխատելու ՊՆ-ում: Աշխատանքից ազատվեցին ռազմական ոստիկանության պետը, նախարարի խորհրդականները:
Բանակում` խաղաղ պայմաններում զոհերի քանակի աճին զուգահեռ, համակարգում քավության նոխազներ են փնտրում: Օրերս ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում պատժել պաշտպանության նախարարին` այդ վիճակի համար, ասաց, որ կադրային փոփոխություններ կլինեն ՌՈ-ում եւ ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում, եւ նույն օրը ռազմական ոստիկանության պետն ազատման դիմում գրեց, նրա փոխարեն նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Օգոստոսի 17-ին ազատվեցին Սուրեն Պապիկյանի երկու խորհրդականները՝ Մելիքսեթ Պողոսյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը: Երկուսն էլ ռազմական ճանապարհ անցած անձինք` նախկին մարզպետներ։
Մելիքսեթ Պողոսյանը «Հրապարակ»-ի հարցին, թե ինչու հեռացավ, պատասխանեց․ «Տարիքը մեր արդեն հասել է այն գագաթին, որ մենք պիտի մեր երիտասարդներին ճանապարհ տանք, որ իրենք ծառայեն, 40 տարի ծառայել եմ, հերիք չի՞»։
– Սուրեն Պապիկյանին այլեւս խորհուրդ չունե՞ք տալու։
– Ինչքան կարողացել ենք, աջակցել ենք, հիմա էլ ժամանակը եկել է՝ մեր դիմումի համաձայն գնալու։
– Ձեզ առաջարկվե՞լ է դիմում գրել` գնալ։
– Այսօր լրանում էր պաշտոնավարման ժամկետը, ես 4 տարի է՝ խորհրդական եմ, 22 թվից, ամեն տարի մեկ-մեկ տարի ավելացրել ենք։
– Այնուամենայնիվ, Ձեզ դիմում գրելու հորդոր եղե՞լ է։
– Ոչ, ոչ։
– Ձեր ազատումը կապ ունի՞ վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի աճի հետ։
– Խորհրդականն ուրիշ ծառայություն է ծավալում, իսկ անմիջական զորքի հրամանատարները՝ կարգապահություն եւ այլն:
– Համընկե՞լ է…
– Կարող է համընկնի, բայց կապ չունի։ Ճիշտն ասած, երբ պետությունը դժվար դաշտում է եղել, ես հայտնվել եմ այդ դաշտում, ես ո՛չ փոխվել եմ, ո՛չ կփոխվեմ, ես միշտ էլ եղել եմ պետության կողքին։ Պետության ղեկին ո՞վ ա, դա նշանակություն չունի, իմ մտածելակերպը պետական մտածելակերպ է, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ եմ նույնը եղել, Քոչարյանի ժամանակ էլ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ եմ նույնը եղել, ես միշտ բանակի կողքին եմ եղել, որովհետեւ բանակի ակունքներում ենք կանգնած եղել։
– Բայց եթե պաշտոն չունեք հիմա․․․
– Դա կապ չունի, ես 80 թվին ջոկատի հրամանատար եմ եղել մինչեւ 1992 թիվը, մի կոպեկ փող չեմ ստացել պետությունից։ Ես պաշտոնի լինեմ, թե չլինեմ, դա իմ տեսակը չի։
– Այսինքն, անկախ ամեն ինչից, այժմ էլ պատրաստ եք օգնել Սուրեն Պապիկյանին։
– 100 տոկոսով, եթե էս պահին էլ դիմեն, պատրաստ ենք, վաղն էլ ենք պատրաստ, մյուս օրն էլ ենք պատրաստ։
– Այդ դեպքում Ձեր՝ դիմում գրելու իմաստը հասկանալի չէ։
– Հիմա տենց ա ստացվել։