Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի ռազմական օդանավակայանին, թեև սիրիական կողմը նախապես հավաստիացրել էր, որ այնտեղ օտարերկրյա զինուժ չկա, Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աղբյուրը:
«Իսրայելը թիրախավորել է «Աբու Դուհուր» օդանավակայանը՝ չնայած մեր պաշտոնական ծանուցմանը, որ բազայում որևէ օտարերկրյա ստորաբաժանում չկա»,- ընդգծել է դիվանագետը: Նրա փոխանցմամբ՝ Դամասկոսը կտրականապես հերքում է նաև այն պնդումները, թե Սիրիայի և Իսրայելի միջև գոյություն ունի «անվտանգության ոլորտում որոշակի կարգավորումներ նախատեսող համաձայնագիր»:
«Մենք չենք կարող կնքել որևէ պայմանագիր, որը կսահմանափակի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում մեր ունեցած դերակատարումը»,- հավելել է նա:
Ավելի վաղ Syria TV հեռուստաընկերությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել «Աբու Դուհուր» ռազմական ավիաբազային: Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով արձանագրվել են միայն նյութական վնասներ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Սիրիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածն անվանել է «չարդարացված ագրեսիա»:
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Սիրիան հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում:
Կառավարության ղեկավարի գրասենյակից հիշեցրել են, որ «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային՝ թուրքական ուժերի տեղակայումը սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար»: