
ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արեգա Հովսեփյանի և ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև։
Վարդանյանը, դիմելով Հովսեփյանին, նշեց, որ «Ուժեղ Հայաստանը» քաղաքական դաշտում ընկալվում է որպես պրոռուսական դիրքավորում ունեցող ուժ։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու և այդ հանձնաժողովը ղեկավարելու որոշումը հարցեր է առաջացնում՝ կապված Հայաստանի շահերի հետ։
ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ պաշտոնը ստանձնելու դեպքում ինչ շահեր է պատրաստվում սպասարկել Հովսեփյանը։
Ի պատասխան՝ Արեգա Հովսեփյանը կոչ արեց խուսափել քաղաքական պիտակավորումներից և «պրոռուսական համբավ» բնորոշումներից։ Նա ընդգծեց, որ նման ձևակերպումներով բանավեճը կարող է հանգեցնել ոչ կառուցողական քննարկման։
Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է կառուցվի հակադրությունների տրամաբանության վրա։
«Կառաջարկեի խուսափել պիտակավորումներից՝ պրոռուսական համբավ և այլն ու եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու: Պետք չի արտաքին քաղաքականությունը ձևավորել հակադրությունների վրա»,- ասել է նա: