Ժողովրդավարությունը «չի կարող պարզապես հետաձգվել» մինչև պատերազմի ավարտը․ Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայլո Ֆեդորովը կոչ է արել վերականգել պատերազմական իրավիճակում ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Կոչը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հաստատել է Եվգենի Խմարային ՊՆ ղեկավարի պաշտոնում․ հայտնում է Euronews-ը։

«Մենք չպետք է թույլ տանք Պուտինին որոշել, թե երբ կարող են ուկրաինացիներն ընտրել իրենց կառավարությունը։ Ժողովրդավարությունը խաղաղ ժամանակների շքեղություն չէ: Ժողովրդավարությունն այն բանի մի մասն է, որի համար մենք այսօր պայքարում ենք», – նշել է նա։

Զելենսկին պաշտոնանկությունից հետո նրան առաջարկել է մի քանի բարձրաստիճան կառավարական պաշտոն, այդ թվում՝ փոխվարչապետի պաշտոնը, բայց Ֆեդորովը մերժել է դրանք՝ պնդելով, որ կվերադառնա միայն Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու համար։

Խմարայի առաջադրումը բացառել է այդ հնարավորությունը: Ֆեդորովի արած դիտարկումներն ուշադրությունը նրա նախկին պաշտոնի շուրջ վեճից տեղափոխեցին ընտրությունների, քաղաքական պատասխանատվության և պատերազմի ժամանակ իշխանության իրականացման ավելի լայն հարցերի վրա։

Ուկրաինացիներին սոցցանցերում քաղաքական ելույթով դիմելու և իր նախկին նախարարական պորտֆելից շատ ավելի հեռու գտնվող հարցերի վրա կենտրոնանալու որոշումն արդեն իսկ բորբոքել է Ուկրաինայի ամենահայտնի նախկին նախարարներից մեկի քաղաքական նկրտումների մասին ենթադրությունները։

Ֆեդորովը նախկինում պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու կոչ չէր արել։ Նա դա արեց միայն այն բանից հետո, երբ Խմարայի առաջադրումից պարզ դարձավ, որ նա չի վերադառնա Պաշտպանության նախարարություն։

Ուկրաինան ազգային ընտրություններ չի անցկացրել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից լայնածավալ ներխուժումից ի վեր։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ ընտրություններ չեն կարող անցկացվել ռազմական դրության պայմաններում, մինչդեռ պատերազմի ժամանակ համազգային քվեարկության կազմակերպումը կառաջացներ լուրջ անվտանգային և լոգիստիկ մարտահրավերներ։

Ֆեդորովն անհապաղ քվեարկության կոչ չի արել կամ ժամանակացույց չի սահմանել։ Դրա փոխարեն՝ նա պնդել է, որ Ուկրաինան պետք է մշակի պատերազմի ընթացքում ընտրություններ անցկացնելու մեխանիզմ՝ ուկրաինացիներին հնարավորություն տալով գնահատել իշխանության ղեկին գտնվողների գործունեությունը և որոշել, թե արդյոք նրանք շարունակո՞ւմ են վայելել հանրային վստահությունը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը «չի կարող պարզապես հետաձգվել» մինչև պատերազմի ավարտը։ Նախկին նախարարը նաև քաղաքական պատասխանատվությունը կապել է պատերազմի վարման հետ՝ քննադատելով կոռուպցիան և բյուրոկրատական անարդյունավետությունը և զգուշացնելով, որ պետական միջոցների կառավարման ձախողումները, ի վերջո, կարող են կյանքեր խլել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *