Սալոնիկից Մեմմինգեն մեկնող Ryanair-ի չվերթի ուղևորները պատրաստում են մի քանի տասնյակ միլիոն եվրոյի հայց՝ հուլիսի 10-ի միջադեպից հետո, երբ շարժիչի բեկորները վնասել են ինքնաթիռի ֆյուզելյաժը և կոտրել իլյումինատորը։ Ուղևորներից մեկը՝ 61-ամյա սերբ Լյուբիշա Կարովիչը, մոտ 4,5 կիլոմետր բարձրության վրա մասամբ հայտնվել է ինքնաթիռից դուրս և ստացել ծանր վնասվածքներ։ Այժմ փաստաբան Վասիլիոս Ցիարասը ներկայացնում է նրա և չվերթի 149 ուղևորներից ևս 35-ի շահերը։
ԱՄՆ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի նախնական եզրակացությունների համաձայն՝ Boeing 737-800-ի շարժիչում պոկվել է թիակներից մեկը, իսկ դրա բեկորները վնասել են ինքնաթիռը։ Շարժիչում հայտնաբերվել են նաև թռչունների մնացորդներ, սակայն ուղևորների փաստաբանը կասկածում է, որ միայն թռչունների հետ բախումը կարող էր հանգեցնել նման հետևանքների։
«Մենք ելնում ենք նրանից, որ միայն թռչունները չէին կարող նման լուրջ վնասներ պատճառել», — Bild-ին ասել է Ցիարասը։
Ryanair-ը հայտարարել է, որ միջադեպի պատճառների վերաբերյալ կմեկնաբանի հետաքննության ավարտից հետո։
Առայժմ չի որոշվել, թե կոնկրետ ում դեմ է ներկայացվելու հայցը՝ Ryanair-ի, Boeing-ի, շարժիչ արտադրողի, սպասարկող ընկերությունների, թե միանգամից մի քանի ընկերությունների դեմ։ Bild-ի տեղեկություններով՝ պահանջների ընդհանուր գումարը կարող է կազմել մի քանի տասնյակ միլիոն եվրո։
«Ոչ մի կասկած չկա. եթե այս տղամարդը ամրագոտի կապած չլիներ, նրան դուրս կքաշեին պատուհանից, և նա չէր ողջատևի», — հայտարարել է փաստաբանը։