Իսպանիայի կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը և թույլատրել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավից 500 անչափահաս միգրանտի տեղափոխել երկրի մայրցամաքային տարածք, հայտնում է The Guardian-ը։
Հուլիսի 30-ին Մարոկկոյի կողմից Սեուտայի սահմանը հատած մոտ 70,000 մարդկանց ճնշող մեծամասնությունը հետագայում վերադարձել է Մարոկկո։ Սակայն իսպանական օրենսդրությունը պարտավորեցնում է պետությանը խնամք տանել առանց ուղեկցողի անչափահաս միգրանտների նկատմամբ՝ մինչև նրանց 18 տարին լրանալը։
Դեռևս օգոստոսի 13-ին Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարում էր, որ Սեուտա կամ Մելիլյա ապօրինի մուտք գործած բոլոր անձինք վերադարձվելու են Մարոկկո և չեն կարողանա հայտնվել մայրցամաքային Իսպանիայում։
Այժմ Երիտասարդության հարցերով նախարարությունը Սեուտայի իշխանությունների հետ համատեղ մշակում է երեխաների տեղավորման արտակարգ ծրագիր։ Ամենախոցելի անչափահասների (առաջին հերթին աղջիկների) խնամքով կզբաղվեն հասարակական կազմակերպությունները և երեխաների պաշտպանության ծառայությունները, ընդ որում՝ նրանց խնամակալությունը չի փոխանցվի Իսպանիայի տարածաշրջանային իշխանություններին։
Երեխաների հարցերով պետքարտուղար Ռուբեն Պերես Կորեան կիրակի օրվանից գտնվում է Սեուտայում, որտեղ հարյուրավոր երեխաներ ապրում են փողոցներում և օգնություն են ստանում տեղի բնակիչներից։
Մադրիդի այս որոշման մասին հայտարարվել է Եվրահանձնաժողովի հայտարարությունից ժամեր անց։ ԵՄ գործադիր մարմինը նշել էր, որ ԵՄ օրենսդրության համաձայն՝ բոլոր ապօրինի միգրանտները, ներառյալ առանց ուղեկցողի անչափահասները, պետք է վերադարձվեն Մարոկկո։
Իսպանիայի ընդդիմադիր պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» (PP) դեմ է արտահայտվել կառավարության ծրագրին։ Կուսակցության ներկայացուցիչ Խուան Բրավոն հայտարարել է, որ երեխաների համար լավագույն տեղն իրենց ընտանիքների կողքին լինելն է՝ վկայակոչելով միգրանտների վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ Մարոկկոյի և Եվրոմիության դիրքորոշումը։
Այս հակասությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ Եվրոպական միգրացիոն նոր պակտը դեռևս ներառված չէ իսպանական օրենսդրության մեջ։ Այդ պատճառով երկրում շարունակում է գործել ազգային նորմը, որը նախատեսում է առանց ուղեկցողի անչափահաս միգրանտների հատուկ պաշտպանություն։
Իսպանիայի ինտեգրման և միգրացիայի նախարարության տվյալներով՝ մարտ ամսին պետության խնամակալության տակ է գտնվեկ 16-ից 23 տարեկան 21,104 մարդ, որոնցից մոտ 3.5 հազարը 17 տարեկանից ցածր։ Նրանց մոտ կեսը Մարոկկոյից է եղել, իսկ աղջիկները կազմել են ընդհանուր թվի շուրջ 8%-ը։