Շոտլանդիայի հյուսիսում հնագետները մոտ 2 հազար տարվա վաղեմության արտասովոր թաղում են հայտնաբերել․ մարդու աճյունը տեղադրված է եղել հնագույն ջրհորի հատակին։ Ինչպես հայտնում է Live Science-ը, հետազոտողները ենթադրում են, որ հուղարկավորությունը կարող էր ջրհորի «փակման» հատուկ ծիսակատարության մաս կազմել։
Գտածոն հայտնաբերվել է քարհանքի ընդլայնման աշխատանքների ժամանակ։ Մոտ 3 մետր երկարությամբ և 1 մետր խորությամբ ջրհորի հատակը պատված է եղել քարե սալերով, իսկ դրանց արանքները լցված են եղել կավով․ այս կառուցվածքը, ամենայն հավանականությամբ, ծառայել է ջուրը պահելու համար։
Կողքին հայտնաբերված իրերի շնորհիվ հնագետները կառույցը թվագրում են երկաթի դարաշրջանով (մ.թ.ա. 800 – մ.թ. 400 թթ.): Աճյունի վրա կենդանիների ոսկորներ են եղել, սակայն թաղման այլ իրեր չեն գտնվել։
Գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել մահացածի սեռը, տարիքն ու մահվան պատճառը։ Առաջիկա ամիսներին աճյունի և կառույցի լրացուցիչ փորձաքննությունը թույլ կտա հստակեցնել թվագրումն ու ավելի շատ տեղեկություններ ստանալ։
Հյուսիսային Շոտլանդիայում երկաթի դարաշրջանի թաղումները բավականին հազվադեպ են հանդիպում։ Այդուհանդերձ, հնագետներն նախկինում էլ են հանդիպել հավանական ծիսական նշանակություն ունեցող դեպքերի։ Մասնավորապես, Սկայ կղզում՝ քարանձավի մուտքի մոտ, գտել էին կնոջ և երկու նորածնի աճյուններ, ինչը նույնպես, ըստ վարկածի, կապված է եղել քարանձավի «արարողակարգային փակման» հետ։
Նոր գտածոյից ոչ հեռու գտնվում է Երկաթի դարի Քամոր Վուդ բնակատեղին, որտեղ նախկինում առնվազն 20 շրջանաձև տների հետքեր էին հայտնաբերվել։ Ջրհորի հարևանությամբ ևս գտել են նմանատիպ շրջանաձև կառույցների հետքեր։ Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ՝ արդյոք թաղումը կապված է մոտ 1.6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ բնակատեղիի հետ, թե ոչ։
Մասնագետները հավանական են համարում, որ մարդուն դիտավորյալ են հուղարկավորել ջրհորում հենց այն պահին, երբ կառույցը դադարել է օգտագործվել։ Եթե այս վարկածը հաստատվի, գտածոն կարող է նոր լույս սփռել երկաթի դարում Հյուսիսային Շոտլանդիայի բնակիչների ծիսական սովորույթների վրա։