
Այսօր գրել էինք Ճամբարակի զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին։ Մեր տեղեկություններով՝ զորամասում զինվորներին պատժելու նպատակով նրանց դուրս են բերել վազքի, որի ընթացքում զինծառայողներից մի քանիսը հայտնվել են զորամասի պարագծից դուրս, ինչից հետո նրանց վրաերթի է ենթարկել խոշոր «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան։
Մեր տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մահացած զինծառայողը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը Սյունիքի մարզից էր, մեկ ամիս էլ չէր անցել, որ բանակ էր զորակոչվել։
Նա, ըստ մեր տեղեկությունների, գտնվում էր ուսումնական կենտրոնում (ՈւՉՊԿ)։ Նման կենտրոններում զինծառայողները, որպես կանոն, անցնում են նախնական մասնագիտական պատրաստություն, իսկ տվյալ դեպքում, նախատեսված է վեցամսյա խստացված դասընթաց, որից հետո միայն զինծառայողներին պետք է տեղափոխեին համապատասխան զորամասեր։