Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»


Հարեվաններ


Վերջին 24 ժամվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդ։ Ուղևորահոսքի կտրուկ աճի պատճառով Ռուսաստանի մաքսային ծառայությունը Վերին Լարսի անցակետում ավելացրել է հերթափոխերի և աշխատակիցների թիվը։

Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ այս միտումը նկատվում է մի քանի օր անընդմեջ. օգոստոսի 15-ին և 16-ին Ռուսաստանից Վերին Լարսի սահմանային անցակետը օրական հատել է ավելի քան 19,000 մարդ: «Ընթացիկ թվերը զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նմանատիպ ժամանակահատվածների ցուցանիշները», – հայտարարել է ծառայությունը:

Գերատեսչությունում նշել են, որ լրացուցիչ անձնակազմի ներգրավումը նպատակ ունի մեծացնել անցակետի թողունակությունը և արագացնել տրանսպորտային միջոցների ձևակերպման գործընթացը։

«Օստորոժնո, Նովոստի»-ն, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին մեծ խցանումներ են առաջացել։ Նրանց պնդմամբ՝ որոշ հատվածներում մոտ 100 մետր առաջ շարժվելու համար պահանջվում է մինչև երկու ժամ։

Մաքսային ծառայությունն ուղևորահոսքի աճը կապում է արձակուրդային սեզոնի հետ։ Վերին Լարսում նմանատիպ ծանրաբեռնվածություն էր արձանագրվել նաև 2022 թվականի սեպտեմբերին՝ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո։

Ներկայիս աճը տեղի է ունենում նաև այն ֆոնին, երբ վերջին ամիսներին Ռուսաստանում պարբերաբար քննարկվում են Ուկրաինայի դեմ պատերազմի համար զինված ուժերի համալրման և նոր զինծառայողների ներգրավման հարցերը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) հայտարարությունը, որը վերաբերում է օգոստոսի 19-ին, չորեքշաբթի օրը, վերջին 24 ժամվա ընթացքում Վերին Լարս անցակետով 20,000 ռուսների մուտքին: Վրաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վերին Լարս սահմանային անցակետով երկիր է մուտք գործել տարբեր երկրների 7,880 քաղաքացի: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Վերին Լարս սահմանային անցակետով ռուս-վրացական ցամաքային սահմանը հատել է ավելի քան 20,000 մարդ՝ օգոստոսի 18-ի երեկոյան դրությամբ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *