Բիզնեսի աջակցությունից մինչև ինտենսիվ գյուղատնտեսություն. ինչպե՞ս է զարգանալու Հայաստանի տնտեսությունը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

BanksNews.am ուսումնասիրել է փաստաթուղթը և առանձնացրել տնտեսական մրցունակության, արտադրողականության բարձրացման ու գիտելիքահենք տնտեսության ձևավորմանն ուղղված առանցքային դրույթներն ու նախատեսվող բարեփոխումները:

Բիզնես միջավայր և թվայնացում

Կառավարությունը նպատակադրվել է Համաշխարհային բանկի Business Ready (B-READY) գնահատման մեթոդաբանությամբ զբաղեցնել առաջատար դիրքեր՝ գերազանցելով երկրների առնվազն 70%-ին:

  • Միկրոբիզնեսի արտոնություններ. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու տարեկան շրջանառության շեմն առնվազն կրկնապատկվելու է: Միաժամանակ, հարկային օրենսդրության պարբերական խախտումների դեպքում տնտեսավարողները կզրկվեն այս ռեժիմից:
  • Ծառայությունների և մաքսային համակարգի թվայնացում. Տնտեսավարողներին մատուցվող պետական ծառայությունները, ինչպես նաև մաքսային հսկողությունն ու սպասարկումը (միասնական հաշիվ, ԱԲ գործիքներ, թույլտվությունների հարթակներ) ամբողջությամբ կթվայնացվեն:
  • Փոքր բիզնեսի պաշտպանություն. Կամրապնդվեն խոշոր և փոքր տնտեսավարողների միջև բանակցային դիրքերի հավասարակշռման մեխանիզմները՝ առևտրային հարաբերություններում փոքր մատակարարներին պաշտպանելու համար:
  • Միջազգային հարթակներ. Մասնավոր հատվածի հետ համատեղ կիրականացվի «Համաշխարհային առևտրի կենտրոն Հայաստան» (World Trade Center) նախագիծը:

Արտադրողականության աճ. ՓՄՁ, Գյուղատնտեսություն և Արդյունաբերություն

  1. ՓՄՁ մասնաբաժին. Բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը 2024 թվականի 34,3%-ից հասցնել մինչև 40%-ի:
  2. Ինտենսիվ գյուղատնտեսություն.
  • Տարեկան կհիմնվի 1500 հա ինտենսիվ այգի, 150 հա ժամանակակից ջերմատուն, իսկ 8000 հա-ում կներդրվեն ջրախնայող տեխնոլոգիաներ:
  • Ձեռք կբերվի 3000 միավոր գյուղտեխնիկա և 2000 միավոր ագրոպարենային սարքավորում:
  • Կկառուցվի 50 խելացի անասնաշենք (կամ 2500 գլխի համար):
  • Տոհմային կենդանիների տեսակարար կշիռը կեռապատկվի (2,5%-ից հասնելով 7,5%-ի), իսկ կովերի միջին կաթնատվությունը 2500 կգ-ից կհասնի 3600 կգ-ի:

 Արդյունաբերության վերափոխում.

  • Մշակող արդյունաբերությունը կարդիականացվի առնվազն 15 հազար միավոր նորագույն մեքենասարքավորումներով:
  • Կստեղծվի արդյունաբերական ձեռնարկությունների միասնական թվայնացված ռեեստր:
  • Կձևավորվեն կենսագազի և կանաչ ջրածնի առնվազն մեկական արտադրական ենթակառուցվածքներ:
  • Ընդերքօգտագործում. Կներդրվեն EITI և ESG ստանդարտները, կստեղծվի Երկրաբանական ծառայություն և միասնական թվային շտեմարան, իսկ ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի:

 Որակի ստանդարտներ և Բիզնեսի թվայնացում

  • Ստանդարտներ. Արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը կներդաշնակեցվեն ԵՄ և ԵԱՏՄ կարգավորումներին: Կներդրվի ներմուծվող թունաքիմիկատների ու պարարտանյութերի որակի վերահսկման թվային համակարգ:
  • ԱԻ և Ավտոմատացում. Կներդրվի ֆինանսական խթանների համակարգ՝ ձեռնարկությունների կողմից ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և արհեստական բանականության (ԱԲ) գործիքների ներդրումը աջակցելու համար:
  • Կորպորատիվ կառավարում. Կմշակվի միասնական գնահատման մեթոդաբանություն. բարձր կորպորատիվ հասունություն ունեցող ընկերությունները կստանան առավելություններ պետական աջակցության ծրագրերում:

 Գիտելիքահենք տնտեսություն և Գիտության առևտրայնացում

2026–2031 թվականներին նախատեսվում է գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1%–ի:

  • Մտավոր սեփականություն. Հայտերի ներկայացման, փորձաքննության և գրանցման գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն: Կգործարկվեն հայաստանյան ստեղծագործությունների միջազգային արտոնագրման (PCT) խթանման ծրագրեր:
  • Գիտություն-Բիզնես կապ.
    • ԱԲ և կիսահաղորդիչների ոլորտներում կիրականացվի առնվազն 2 համալիր ծրագիր և 10 խոշոր հետազոտական նախագիծ:

    • Պետական պատվերով կֆինանսավորվի առնվազն 80 թիրախային հետազոտություն:

    • Առնվազն 3 առաջատար բուհերում կստեղծվեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:

  • Ստարտափներ և «Ակադեմիական քաղաք». «Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջին փուլում կստեղծվի տեխնոլոգիական համալսարանի ստարտափների ինկուբատոր. պետություն-բուհ-մասնավոր համատեղ ներդրումներով կֆինանսավորվի համալսարանական առնվազն 30 ստարտափ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *