Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որը կոչում ենք «4-րդ Հանրապետություն». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում 2026-2031 թվականների ծրագիրն անձամբ ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն ավելի մանրամասը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք Ազգային ժողովի նիստում:

«Կառավարությունը ձևավորվել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով: Շատ կարևոր է արձանագրել, որ ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Հայեցակարգի մասին 2024 թվականին ես խոսել եմ՝ լինելով ՀՀ վարչապետ և նաև կառավարող կուսակցության մշտական գործող մարմնի ղեկավար: Բնականաբար, կառավարությունն էլ և խորհրդարանական մեծամասնության մեր գործընկերներն այդ գաղափարախոսությունը կիսել են», – նշել է նա:

Վարչապետի խոսքով, այդ հայեցակարգի մասին խոսել են նաև ժողովրդի հետ, սակայն վերջիններս արձագանքելու հնարավորություն չեն ունեցել:

«Այս տրամաբանությամբ շատ կարևոր էին ընտրության արդյունքները: Եվ հիմա կարող ենք արձանագրել, որ այն դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը: Այստեղից բխում է, որ ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք չորրորդ Հանրապետություն», – նկատեց նա:

Փաշինյանը նկատեց, որ երրորդ Հանրապետությունը ձևավորվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, իսկ չորրորդ հանրապետությունը՝ խաղաղության տրամաբանությամբ: Նա հավելեց, որ կարևոր է նաև պետության ֆունկցիոնալ նշանակության մեկնաբանումը:

«Երրորդ Հանրապետությունն իր հռչակումով արձանագրել է, որ պետության նպատակը պատմական արդարության վերականգնումն է: Սրանից բխել են որոշակի գործողություններ և այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը, որը գործնական իրականացումն է»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *