Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) հրամանատարությունը կարգադրել է սկսել քրեական հետաքննություն Գազայում վեցամյա Հինդ Ռաջաբի և նրա ընտանիքի զոհվելու դեպքի առնչությամբ, հայտնում է BBC-ն։ Նրա մահը միջազգային դատապարտման ալիք առաջացրեց այն բանից հետո, երբ աղջկա և շտապօգնության աշխատակիցների միջև հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվեց ամբողջ աշխարհում։
Ավտոմեքենան, որում գտնվում էր յոթ հոգուց բաղկացած ընտանիքը, այդ թվում՝ Հինդ Ռաջաբը, 2024 թվականի հունվարին հայտնվել էր իսրայելական կրակի տակ, երբ փորձում էր դուրս գալ ակտիվ ռմբակոծությունների գոտուց՝ Գազայի հատվածում պատերազմի թեժ պահին։
Աղջկա մի քանի հարազատներ տեղում զոհվել էին, սակայն Հինդը սկզբում ողջ էր մնացել և կարողացել էր պատասխանել Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցների կրկնակի զանգին։ Զրույցը տևել էր մի քանի ժամ։ Շտապօգնության մեքենան, որը փորձում էր հասնել աղջկան, նույնպես ենթարկվել էր գնդակոծության։
Մի քանի օր անց հայտնաբերվել էին Հինդի, նրա ընտանիքի անդամների և շտապօգնության բրիգադի երկու աշխատակիցների մարմինները։
Սա ՑԱԽԱԼ-ի կողմից առաջին բացահայտ խոստովանությունն է, որ զինվորականները կրակ էին բացել այն ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվում էին Հինդը և նրա ընտանիքը։