ԱՄՆ-ն Լիբերիա է ուղարկել արտաքսված միգրանտների առաջին 20 հոգանոց խումբը։ Սա իրականացվում է նոր համաձայնագրի շրջանակում, որով արևմտաաֆրիկյան այս երկիրը պետք է ընդունի ընդհանուր առմամբ 1,200 մարդու։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Մոնրովիայից ոչ հեռու գտնվող Ռոբերտսի օդանավակայանում։
Լիբերիայի տեղեկատվության նախարար Ջերոլինմեկ Փիայի խոսքով՝ արտաքսվածների թվում կլինեն աֆրիկյան երկրների, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների քաղաքացիներ։
Լիբերիայի արդարադատության նախարար Նաթու Օսվալդ Թվեն հայտարարել է, որ ժամանողների մեծ մասը խախտել է միգրացիոն օրենսդրությունը։ Ընդ որում, նրանք կկարողանան ապաստան հայցել Լիբերիայում։
Այս համաձայնագիրը Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ միգրանտներին երրորդ երկրներ (այսինքն՝ այն պետություններ, որոնց քաղաքացին նրանք չեն) ուղարկելու քաղաքականության մաս է կազմում։ Իրավապաշտպաններն ու միգրացիոն իրավաբանները քննադատում են նման փորձը՝ պնդելով, որ այն ԱՄՆ-ին թույլ է տալիս շրջանցել մարդկանց այնպիսի երկրներ արտաքսելու սահմանափակումները, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ։