
Նախօրեին ԱԺ նիստում վիճաբանություն տեղի ունեցավ ՔՊ-ական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փորձեց պատասխանել նրան։ «Ուզում եմ մի քանի նկատառում անել՝ Արեգա Հովսեփյանի ելույթի հետ կապված»,- ասաց նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը։ Սակայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից ասացին, որ իրավունք չունի պատգամավորի ելույթին արձագանքել։ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին հայտարարում է նախազգուշացում։ Միջամտեց պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Վահագն Ալեքսանյանը փորձեց լռեցնել նաեւ Ղազինյանին, այնուհետեւ հայտարարեց, որ պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Երբ լեզվակռիվը շարունակվեց, Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն՝ հեռացում մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում գտնվելու իրավունքից։ «Դո՛ւրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան»,- ասաց Ալեքսանյանը։ Դավիթ Ղազինյանը հրաժարվեց դուրս գալ։ «Ես խնդրում եմ, որ անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս հանեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ Անվտանգության աշխատակիցները մտան նիստերի դահլիճ, Դավիթ Ղազինյանը եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։ ՔՊ-ի բարեկրթության կոչերը կարճ տեւեցին:
Ազգային ժողովում գրեթե ամեն օր նմանօրինակ իրավիճակ է ստեղծվում: Իշխանական պատգամավորներն անդադար սադրում են ընդդիմադիրներին, իսկ հանրությունն այս ամենի պատճառով ավելի ու ավելի է հիասթափվում նոր ձեւավորված խորհրդարանից:
Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ Արմինե Սախոյանը, որը հանրությանը հայտնի դարձավ նախընտրական փուլում, երբ Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկավ եւ համարձակորեն քննադատեց նրան, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով նոր ձեւավորված խորհրդարանին եւ դրա շուրջ ձեւավորված իրավիճակին, ասում է. «Նոր խորհրդարանը որեւէ կերպ նախորդից չի տարբերվում, դեռ մի բան էլ` ավելի վատն է, որովհետեւ հիմա ձեւականությունը, դերասանությունն ավելի շատ են, քան առաջ: Ժողովուրդը հենց դրանից է հիասթափվում: Ինչ-որ հանձնաժողովների նախագահներ են ընտրում, բայց որեւէ դրսեւորում` հանուն ինքնիշխանության, չկա: Ես բացարձակ չեմ տեսնում իրական ընդդիմադիր ուժ խորհրդարանում: Բայց ինձ համար ամենաողբերգականն այն է, որ մեր հանրությունը քաղաքականության հանդեպ հավատը վերջնականապես կորցնում է: Վստահ եմ, որ իշխանությունները հեռանալու են, բայց արդյո՞ք ժողովրդի մեջ հավատի նշույլ կմնա, այ, սա է խնդիրը: Առաջիկայում շատ կարեւոր հարցեր ունենք: Սրանք Սահմանադրություն են փոխելու, կաթողիկոսի հեռացման հարցն են բարձրացնելու: Ես կարծում եմ, որ սրանք ամենակարեւոր ու առանցքային հարցերն են, որոնք հայ ժողովրդի լինել-չլինելու հենասյուներն են: Բայց մեր ժողովուրդն ապատիայի մեջ է, չեմ կարծում, որ այս վիճակում դուրս կգա փողոցային պայքարի եւ կպաշտպանի իր արժեքները: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը եւս նպաստեց, որպեսզի մարդիկ հիասթափվեն: Ուղղակի լեզվակռիվ է: Որեւէ այլ բան ես չեմ տեսնում»: