Այսօր՝ ապրիլի 20-ին, Shamshyan.com-ին դիմած ավտոբուսի վարորդը, ով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ նախընտրեց մնալ անանուն, ներկայացրեց համակարգի ներսում տիրող աղետալի իրավիճակը և հայտնեց վարորդների տեսակետը՝ հաճախակի դարձած վթարների վերաբերյալ։Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։
Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտական գերհոգնածության մեջ են և երբեմն պարզապես քնում են ղեկին։ Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող «տուպիկային» վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին։Վարորդների բողոքներին ի պատասխան հաճախ հնչում է նույն պայմանը՝ կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել աշխատանքը։
Մարդիկ ստիպված են քշել ու վտանգել սեփական ու ուրիշների կյանքը, քանի որ կանգնած են օրվա հացը վաստակելու խնդրի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդացել նոր վճարային համակարգի ներդրմամբ, որի հետ կապված ողջ պատասխանատվությունն ու հոգսը կրկին ընկել է վարորդների ուսերին։ Ավելին, ցանկացած վթարի դեպքում նյութական վնասի ծախսերը նույնպես թողնվում են վարորդի վրա։ Այսօր վարորդները խնդրում և պահանջում են կարգավորել աշխատանքային պայմանները, որպեսզի հնարավորություն ունենան արժանապատիվ աշխատելու, իսկ հակառակ դեպքում պատրաստ են բոլորով դուրս գալ աշխատանքից։