
Խորհրդարանում կայացավ ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը: Արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Հայկ Ֆարմանյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը, կողմ՝ 40-ը, դեմ՝ 61-ը։ Ձայների այս հարաբերակցությամբ Ֆարմանյանը չի ընտրվել այս պաշտոնում: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանից» Արեգա Հովսեփյանի ընտրությանը եւս մասնակցել է 102 պատգամավոր: 62 դեմ, 40 կողմ ձայներով նա չի ընտրվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ուժեղ Հայաստանից» Դավիթ Ղազինյանը եւս չի ընտրվել․ կողմ՝ 40, դեմ՝ 62 ձայներով: Նա առաջադրվել էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ գուցե իրենք չեն կարողացել լավ ներկայացնել իրենց թեկնածուներին, ինչպես նաեւ՝ որդեգրել են բոլոր ամբիոններն ու հանդես գալու հնարավորություններն օգտագործելու մարտավարություն, ուստի նոր թեկնածուներ կառաջադրեն, եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը:
«Առաջադրումները կանենք առանձին-առանձին: Կարծում եմ՝ քվեարկությունն էլ այդպես կանենք: Կուզենամ մեր գործընկերներին հայտնել՝ քանի որ մեր հանձնաժողովների նախագահների մեր առաջադրած նախագահները չեն ընտրվել, կարծում եմ՝ խնդիրն այն է, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը, համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են: Այդ պատճառով մենք գնում ենք այն ճանապարհով, որ ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես հանք ելույթներով ու հարցերով»,- ասաց Կարապետյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը հայտարարեց․ «Բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել անհատապես՝ յուրաքանչյուր թեկնածուի մասով, թե ում ենք կողմ քվեարկելու: «Ուժեղ Հայաստան»-ի երեք ներկայացուցիչների դեպքում ավելի շատ մարդիկ մեր խմբակցությունից քվեարկել են դեմ, քան՝ կողմ, եւ անհատական է եղել, այսինքն՝ խմբային չի եղել որոշումը, անհատական` յուրաքանչյուր թեկնածուի մասով դրվել է քվեարկության, եւ քվեարկության արդյունքներում որոշում է կայացվել, ի վերջո, որ այդ երեք թեկնածուներին չենք քվեարկում, իսկ «Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Լիլիթ Գալստյանին բավարար ձայներ ենք ապահովելու»: «Ընդհանուր մեկ որոշում չի եղել, այս պատճառով չենք նշում, յուրաքանչյուրն իր հիմնավորումներն է բերել: Ելույթները եւ այն հարցադրումները, որոնք հնչել են, եւ դրանց տրված պատասխանները մեզ չեն գոհացրել»,- նշեց նա:
Հանձնաժողովների նախագահների` «Հայաստան» խմբակցության ու ՔՊ-ի թեկնածուներն ընտրվել են. «Քաղաքացիական պայմանագրից» Տրդատ Սարգսյանը՝ 62 կողմ, 29 դեմ ձայնով ընտրվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը՝ 62 կողմ, 29 դեմ ձայնով: Սիսակ Գաբրիելյանն ընտրվել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրան կողմ քվեարկել է 61 հոգի, դեմ՝ 2: 29 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ 62 կողմ, 28 դեմ: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի իշխող ուժից Լուսինե Բադալյանը՝ 62 կողմ, 29 դեմ ձայներով: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը: Նրա օգտին քվեարկել է 62 հոգի, դեմ՝ 29-ը: «Քաղաքացիական պայմանագրից» Վիլեն Գաբրիելյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ ձայների 62 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն ՔՊ-ից Բաբկեն Թունյանն էր` նա ընտրվել է 62 կողմ ձայնով: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը՝ 54 կողմ, 47 դեմ ձայներով:
Նախորդ գումարման Ազգային ժողովում եւս ՔՊ-ականներն ընդդիմադիրների թեկնածուների հետ այսպես վարվեցին: Օրինակ, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արթուր Ղազինյանը` «Հայաստան» դաշինքից, 10 եւ ավելի անգամներ առաջադրվեց այդ պաշտոնի համար, սակայն իշխանությունը դիտավորյալ տապալեց այդ ընտրությունը: Սակայն տարբերությունն այն էր, որ այն ժամանակ ընդդիմությունը զենքերը վայր չէր դնում եւ նոր թեկնածուներ չէր առաջադրում, այլ ասում էր` սա է մեր թեկնածուն, Սահմանադրությունն ասում է, որ դա ընդդիմության քվոտայով պետք է իրականացվի` դուք պարտավոր եք ընտրել մեր ներկայացրած թեկնածուին: Սակայն մեծամասնություն կազմող ՔՊ-ն միշտ է աչքի ընկել ցինիզմով եւ Սահմանադրություն ու օրենքներ խախտելու կաշկանդվածություն երբեք չի ունեցել: Հիմա կարծես թե պատմությունը կրկնվում է:
Մենք զրուցեցինք 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր թեկնածուներից մեկի հետ, որը շարադրեց իր տեսակետը, սակայն խնդրեց չհրապարակել իր անունը՝ ասելով, որ չի ուզում քննադատել ընդդիմությանը. «Մեր ժամանակ սկզբունքը մեկն էր` իրենք չպետք է որոշեին, թե ընդդիմությունն ում պետք է առաջադրի: Պարզ է, եթե իշխանության դուրը չեն գալիս, ուրեմն լավն են: Եթե վատը լինեին, իշխանության համար պրոբլեմ չէր լինի: Ո՞վ է ասել, որ ընդդիմության թեկնածուները պիտի իշխանության ճաշակով լինեն: Կարող է տհաճ լինել իշխանության համար, բայց դա կապ չունի: Այժմ ընդդիմությունն այլ կերպ է պայքարում, բայց ասեմ, որ մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ: Մենք ասում էինք` Անդրանիկ Քոչարյանն ո՞վ է, որ որոշի, թե ում թեկնածությունն առաջադրենք»: