Իսրայելական հետախուզությունում աղմկահարույց պաշտոնանկությունները վկայում են այն մասին, որ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ գերատեսչության խոստումներից ոչ մեկը չի իրականացվել, գրել է The Intercept-ը։
Օգոստոսի սկզբին «Մոսադի» նոր ղեկավար Ռոման Հոֆմանը պաշտոնանկ է արել հետախուզական վարչության և իրանական ուղղության ղեկավարներին, որոնք հայտնի էին «K» և «Y» պայմանական նշումներով։ Նման պաշտոնանկությունները նոր տնօրենի նշանակումից հետո ինքնին աննախադեպ չեն, սակայն «Մոսադի» ղեկավարների այսչափ հրապարակային հրաժարականները չափազանց հազվադեպ երևույթ են։
Ձախողումների պատճառով պաշտոնանկությունների վերջին հայտնի դեպքը տեղի էր ունեցել 1997 թվականին՝ այն ժամանակ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալի դեմ անհաջող մահափորձից հետո։ Գործողությունը հանգեցրել էր Հորդանանում «Մոսադի» մի քանի աշխատակիցների ձերբակալությանը և լուրջ դիվանագիտական սկանդալի։ Արդյունքում՝ հարկադրված էին հեռանալ գերատեսչության ղեկավարը և օպերատիվ վարչության պետը։
The Intercept-ի հեղինակի կարծիքով՝ ներկայիս կադրային որոշումները դարձել են Իրանի դեմ Իսրայելի անհաջող պատերազմի շատ ավելի լայնածավալ ձախողման հետևանք։
Իսրայելը ԱՄՆ-ին այս պատերազմը ներկայացրել էր որպես համեմատաբար հեշտ արշավ, որը պետք է արագ հանգեցներ իսլամական հանրապետության անկմանը և նրա միջուկային ծրագրի ոչնչացմանը։ Սակայն, ինչպես պնդում է պարբերականը, դրված նպատակներից գործնականում ոչ մեկը չի իրականացվել։
Գլխավոր նպատակներից մեկը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ոչնչացումն էր։ Իսրայելում հաշվարկել էին, որ նրա սպանությունը պետական կառավարման համակարգում քաոս կառաջացնի և կհրահրի զանգվածային ապստամբություն։ Սակայն Խամենեիի մահից հետո գերագույն առաջնորդ ընտրվեց նրա կրտսեր որդին, որը, ինչպես ենթադրում է հեղինակը, կարող է ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ լինել նույնիսկ ավելի կոշտ տրամադրված։
Չարդարացան նաև Հորմուզի նեղուցի վերաբերյալ հաշվարկները։ Իսրայելը պնդում էր, որ Իրանի կողմից նեղուցի հնարավոր փակումը լուրջ ռազմական ազդեցություն չի ունենա։ Սակայն Թեհրանը պահպանել է ամենակարևոր ծովային ուղու նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու կարողությունը՝ որպես համաշխարհային տնտեսության վրա ճնշման գործիք։
«Մոսադի» խաղադրույքը Իրանում ապստամբության վրա՝ ձախողվեց
Պատերազմում «Մոսադի» առանձնահատուկ դերը իսլամական հանրապետության ուժային կառույցները թուլացնելու, քրդական խմբավորումներին զինելու և Իրաքի տարածքից նրանց առաջխաղացումն Իրանի ուղղությամբ ապահովելու փորձի մեջ էր։ Ենթադրվում էր, որ դա, իր հերթին, կհրահրի զանգվածային բողոքներ և կհանգեցնի ռեժիմի անկմանը։
Սակայն, գրել է The Intercept-ը, այս սցենարներից ոչ մեկը չի իրականացել։ Իրանի ուժային կառույցները պահպանել են գործելու կարողությունը, քրդական կազմավորումները ենթարկվել են իրանական զինվորականների մշտական հարձակումներին, իսկ երկրում լայնածավալ ապստամբություն տեղի չի ունեցել։
Պարբերականը նշել է, որ դեռևս 2025 թվականի հունիսին 12-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էին Իրանի ներսում «Մոսադի» գործակալների գործունեության և նրանց կողմից իրանական ռազմական օբյեկտների դեմ դիվերսիաների իրականացման մասին վկայություններ։ Այս գործողությունները բարդացրել էին Իրանի նախնական պատասխանը, սակայն չեն կարողացել փոխել երկրի ներսում քաղաքական իրավիճակը։
Զուգահեռաբար՝ «Մոսադը» վարում էր հրապարակային արշավ՝ ուղղված բողոքների խթանմանը և իրանցի ուժայինների՝ կառավարության հակառակորդների կողմն անցնելուն։ Գերատեսչությունն օգտագործում էր X-ում և Telegram-ում պարսկերեն օգտահաշիվներ, հրապարակում էր սադրիչ հաղորդագրություններ և նույնիսկ նվերներ էր առաջարկում այն օգտատերերին, որոնք պատրաստ էին պատասխանել հետախուզության հարցերին։
Սակայն արշավը, ըստ The Intercept-ի, գործնականում արդյունք չի տվել։ Իրանի իշխանությունները բացահայտ ծաղրում էին այն, իսկ սպասվող զանգվածային բողոքներն այդպես էլ չսկսվեցին։ Չօգնեցին նաև համացանցում տարածվող տեսանյութերը, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված, որոնցում իբր ցուցադրվում էին իրանական բանտերից կալանավորների փախուստները և քաղաքացիների՝ Իսրայելի կողմն անցնելը։
Քրդերի հետ կապված ծրագիրը նույնպես ձախողվեց
Այն բանից հետո, երբ ԿՀՎ աջակցությամբ քրդական խմբավորումներին զինելու գաղափարը, ըստ ամենայնի, փակվել էր (հեղինակը դա կապում է կամ Դոնալդ Թրամփի որոշման, կամ այն բանի հետ, որ քրդերը, իբր, զենքը թողել էին իրենց մոտ), «Մոսադն» անցավ մեկ այլ սցենարի։
Նոր ծրագրով նախատեսվում էր հարվածներ հասցնել իրանական անվտանգության ուժերի, այդ թվում՝ «Բասիջի» կազմավորումների, ոստիկանական բաժանմունքներին և անցակետերին։ Իսրայելը հաշվարկել էր, որ լայնածավալ հարվածները բնակչությանը կհրահրեն ապստամբության։
Բայց այս սցենարն էլ չաշխատեց․ չնայած բազմաթիվ հարձակումներին և առանձին իրանցիների օգնությանը՝ հարվածների թիրախների մասին տեղեկություններ փոխանցելու հարցում, զանգվածային ապստամբություն չհետևեց։
«Մոսադի» ղեկավարների պաշտոնանկությունները
Այս ֆոնին հետախուզության երկու բարձրաստիճան աշխատակիցների ազատումը զարմանք առաջացրեց իսրայելական լրատվամիջոցներում և հատուկ ծառայության վետերանների շրջանում։
Ռոման Հոֆմանի քննադատները նրան մեղադրել են այն բանում, որ նա փորձում է գործողությունների ձախողման պատասխանատվությունը բարդել ենթակաների վրա՝ փոխանակ ստուգման ենթարկելու քաղաքական ամենաբարձր մակարդակում ընդունված որոշումները։
Ինչպես նշել է The Intercept-ը, հենց «Մոսադի» ներսում դեռևս պատերազմի սկսվելուց առաջ կասկածներ կային իրանական ռեժիմը տապալելու գաղափարի վերաբերյալ։ Մայիսին Israel Hayom-ը հայտնում էր, որ գերատեսչության բազմաթիվ աշխատակիցներ դեմ էին ռեսուրսները այս նպատակի վրա կենտրոնացնելուն՝ դա համարելով չափազանց ռիսկային։
«Մոսադի» այն ստորաբաժանման նախկին ղեկավարը, որը պատասխանատու էր ազդեցության գործողությունների համար, ասել էր, որ ստիպված է եղել գործընկերներին համոզել այս գործողության անհրաժեշտության մեջ, չնայած այն բանին, որ «իրականում ոչ ոք չգիտի, թե ինչպես տապալել ռեժիմը կամ ինչպիսին են հաջողության հնարավորությունները»։
Իսրայելը պատրաստվում է նոր պատերազմի
Չնայած նախնական ռազմավարության ձախողմանը՝ իրանական կառավարության տապալման գաղափարը շարունակում է տարածված մնալ իսրայելական քաղաքական գործիչների շրջանում, առաջին հերթին՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտ։
Ynet-ի տվյալներով՝ Նեթանյահուի կառավարությունն արդեն հանձնարարել է իսրայելական բանակին և «Մոսադին» պատրաստվել Իրանի դեմ շատ ավելի լայնածավալ արշավի։ Խոսքը կարող է լինել արդեն աշնանը բաց պատերազմի վերադարձի մասին։
The Intercept-ի հեղինակը եզրակացրել է, որ Իսրայելը կրկին խաղադրույք է կատարում ուժային սցենարի վրա․ այն, ինչ չի հաջողվել հասնել նախորդ հարվածներով, ենթադրվում է լուծել էլ ավելի լայնածավալ ռմբակոծություններով։ Ընդ որում, նույնիսկ Նեթանյահուն վերջերս ընդունել է, որ իսլամական հանրապետության անկումը կարող է «մեկ օրում տեղի չունենալ»։