Գրեթե երեք տարվա հարաբերական լիցքաթափումից հետո Աթենքի և Անկարայի հարաբերությունները կրկին սկսել են վատթարանալ։ Թուրքիայի նոր նախաձեռնությունները Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում, ինչպես նաև Հունաստանի ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ, խորացրել են հակասությունները երկու հարևանների միջև, գրել է Le Monde-ը։
Աթենքում 2023 թվականի դեկտեմբերին Անկարայի հետ «Բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիրը» ստորագրելուց հետո Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները մտել են «հանդարտ ջրերի» շրջան։ Սակայն, Աթենքի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Պանայոտիս Ցակոնասի կարծիքով, այդ շրջանը, հավանաբար, մոտենում է ավարտին։
Լարվածության նոր աղբյուր դարձավ օգոստոսի 17-ին Թուրքիայի կառավարության որոշումը՝ ստեղծել երկրի առաջին երկու ազգային ծովային գոտիները՝ մեկը Էգեյան ծովի հյուսիս-արևելքում, մյուսը՝ Միջերկրական ծովի հարավային հատվածում։
Խնդիրն այն է, որ այդ բնապահպանական գոտիների նշված սահմանները, ըստ Աթենքի, առնչվում են հունական ինքնիշխանության տակ գտնվող տարածքներին։ Խոսքը վերաբերում է Լեմնոս և Սամոթրակիա կղզիների միջև ընկած ջրերին, ինչպես նաև հունական Կաստելորիզո կղզու շրջանին։
«Թուրքիայում կարծում են, որ, ի վերջո, հանգստության շրջանը ձեռնտու եղավ Հունաստանին․ նա կարողացավ վերազինվել, սպառազինությունների մատակարարման մի քանի պայմանագրեր կնքել և ծովային գոտիներ ստեղծել։ Այդ պատճառով Էրդողանը որոշեց վերջ դնել դրան՝ մասամբ նաև իր ազգայնական ընտրազանգվածին բավարարելու համար», — կարծում է Ցակոնասը։
Հունաստանի ԱԳՆ-ն Անկարայի գործողություններն անվանել է «անօրինական»։ Աթենքում հայտարարել են, որ նոր ծովային գոտիներն առնչվում են միջազգային ջրերին և տարածվում են հունական մայրցամաքային շելֆի վրա՝ ծովի հատակին և դրա ընդերքում, որոնց նկատմամբ առափնյա պետությունն ունի բնական պաշարների ինքնիշխան իրավունքներ։
Հունական կողմի կարծիքով՝ Անկարայի նման նախաձեռնությունները «լրջորեն խաթարում են երկու երկրների միջև փոխըմբռնման պահպանման ջանքերը»։
Հին տարածքային վեճեր
Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին փոխծովակալ Ջիհաթ Յայջին կարծում է, որ ծովային գոտիների ստեղծումը ուղիղ պատասխանն է Աթենքի՝ 2025 թվականին երկու սեփական ծովային գոտիներ ստեղծելու որոշմանը։ Ի տարբերություն թուրքական նախագծերի՝ դրանք գտնվում են հունական տարածքային ջրերի սահմաններում։
Յայջին համարվում է թուրքական «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) դոկտրինի ճարտարապետներից մեկը, որի համաձայն՝ Թուրքիան պետք է ընդլայնի իր ներկայությունը ծովում և հավակնի երկրի շուրջ ջրային տարածքների զգալի մասին։ Այս հայեցակարգի շրջանակում Անկարան հայտարարում է ծովային տարածության մոտ 462 հազար քառակուիս կիլոմետրի նկատմամբ իր իրավունքների մասին։
Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Կոնստանտինոս Ֆիլիսը թուրքական ծովային գոտիների ստեղծումն անվանել է առաջին քայլ՝ արված դեպի ծովային գոտիների սահմանազատման հարցում թուրքական մոտեցման աստիճանական պարտադրում։
Յայջին, իր հերթին, պնդում է, որ Անատոլիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիները, Անկարայի կարծիքով, չեն կարող «փակել» այն ծովային գոտիները, որոնք Թուրքիան իրենն է համարում մայրցամաքային ափագծի երկարության հիման վրա։ Հենց այս դիրքորոշումն էլ ընկած է «Կապույտ հայրենիք» դոկտրինի հիմքում։
Գլխավոր չլուծված հարցերից մեկը Էգեյան ծովում տարածքային ջրերի և ծովային տնտեսական գոտիների սահմանազատումն է։
«Թուրքիայի դիրքորոշումը մնում է նույնը՝ հունական կղզիները բացառիկ տնտեսական գոտիների իրավունք չունեն։ Սա հակասում է միջազգային ծովային իրավունքին, սակայն Թուրքիան ամեն դեպքում չի ստորագրել 1982 թվականի ՄԱԿ Ծովային իրավունքի կոնվենցիան», — նշել է Ցակոնասը։
Փորձագետին առանձնապես անհանգստացնում է այն հնարավորությունը, որ Անկարան կփորձի օրենսդրորեն ամրագրել իր միակողմանի պահանջները։ Սպասվում է, որ աշնանը Թուրքիայի խորհրդարանը կքննարկի «Ծովային իրավազորության» մասին օրինագիծը, որն արդեն անվանում են «Կապույտ հայրենիք» օրենք։
Երկու ծովային գոտիների ստեղծումը համընկել է թուրքական ինքնաթիռների կողմից հունական օդային տարածքի խախտումների թվի նկատելի աճի հետ։
Հունաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, եթե 2024 թվականին նման խախտումներ չէին արձանագրվել, ապա 2025-ին դրանց թիվը հասել է 225-ի։ 2026 թվականի սկզբից արդեն գրանցվել է 433 խախտում, ընդ որում՝ հատկապես նկատելիորեն աճել է անօդաչու սարքերի ներխուժումների թիվը։
Հնարավոր հակամարտության ևս մեկ կետ կարող է դառնալ Կիպրոսի և Հունաստանի միջև էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը՝ հետագայում եվրոպական էներգահամակարգին միացմամբ և հնարավոր շարունակմամբ մինչև Իսրայել։
Օգոստոսի 5-ին ֆրանսիական ենթակառուցվածքային Meridiam խումբը հայտարարեց, որ կդառնա նախագծի հիմնական բաժնետերը։ Ծովի հատակի ուսումնասիրությունները կարող են վերսկսվել արդեն աշնանը։
Սակայն մալուխի ենթադրյալ երթուղին անցնում է այն շրջաններով, որտեղ Անկարան վիճարկում է Հունաստանի հայտարարած ծովային իրավունքները։ Թուրքական իշխանամետ Hürriyet թերթը նախազգուշացրել է, որ այդ շրջաններում հետազոտությունների իրականացումն ու մալուխի անցկացումը կպահանջեն Թուրքիայի հետ նախնական համակարգում։
Նման հակամարտություն արդեն ծագել էր 2024 թվականի հուլիսին։ Ievoli Relume հետազոտական նավին, որը հունական Կասոս կղզու մոտ ծովի հատակի ուսումնասիրման աշխատանքներ էր կատարում, դիմավորել էին թուրքական հինգ ռազմանավեր, ինչի հետևանքով նախագիծը հետաձգվել էր։
Սակայն Ֆիլիսը հույս ունի, որ ֆրանսիական ընկերության մասնակցությունը որպես հիմնական ներդրող էապես կսահմանափակի Անկարայի «սադրիչ գործողությունների» հնարավորությունները։
Աթենքի հետ նոր սրացումը տեղի է ունենում Թուրքիայի տարածաշրջանային դիրքերի ուժեղացման ֆոնին։
Օգոստոսի 7-ին Անկարան Մեքքայում պաշտպանական համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Այս քայլը դիտարկվում է որպես անվտանգության ոլորտում ինքնուրույնությունն ամրապնդելու և միաժամանակ արևմտյան դաշինքներից դուրս ռազմավարական կապերն ընդլայնելու Թուրքիայի ձգտման ցուցադրություն։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկսվելուց հետո Թուրքիայի նշանակությունը եվրոպական պետությունների համար նույնպես աճել է։ Եվրոպական գործընկերները շահագրգռված են Անկարայի՝ որպես ՆԱՏՕ անդամի, ռազմական աջակցության հստակ երաշխիքներով՝ եվրոպական պաշտպանական քաղաքականության լայնածավալ վերակառուցման պայմաններում։
Այսպիսով, ծովային գոտիների շուրջ հակամարտությունը շատ ավելին է, քան բնապահպանական հարց լինելը։ Աթենքի համար սա թուրքական հավակնություններին ծովային տարածքների նկատմամբ ուղղված հերթական մարտահրավերն է, իսկ Անկարայի համար՝ հնարավորություն ցուցադրելու և ամրապնդելու Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում սահմանների ու իրավազորության վերաբերյալ սեփական տեսլականը։ Առայժմ կողմերը պահպանում են դիվանագիտական ուղիները, սակայն ռազմական, օդային և ենթակառուցվածքային միջադեպերի թվի աճը մեծացնում է ՆԱՏՕ երկու անդամների միջև նոր լուրջ ճգնաժամի ռիսկը։