Կալանքը չպետք է օգտագործվի որպես պատժի և բռնաճնշումների միջոց։ Այս մասին դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարար հիմքերի բացակայության պատճառով վերացրել է Չալաբյանի կալանքը։
Ավետիք Չալաբյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին աջակցության համար։ «Անկեղծ ասած՝ չէի կարող կանխատեսել նման արդյունք (կալանքի վերացում), որովհետև իրավական հարթությունում դատավորը կայացրեց միակ ճիշտ որոշումը, բայց բոլորդ գիտեք, որ մեր երկրում միշտ չէ, որ այդպես է լինում։ Դատավորը ղեկավարվել է օրենքով, և հույս ունեմ, որ մյուս դատավորներն էլ նրանից օրինակ կվերցնեն։ Մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի և խոշտանգումների միջոց։ Որովհետև կեղտոտ և գերբնակեցված քրեակատարողական հիմնարկներում գտնվելն ինքնին խոշտանգում է»,- հայտնել է Չալաբյանը։ Նա նշել է, որ այդ որոշումն իր համար կանխատեսելի չէր։
Քաղաքական գործիչը հավելել է, որ հաճախ խոսում են ազատության առաջնահերթության մասին, բայց իր համար ավելի կարևոր է չեզոքացնել անհեթեթ մեղադրանքը։ «Իրականությունն աղավաղվել է, և դատախազը չպետք է ստորագրեր նման մեղադրական եզրակացություն»,- հայտնել է Չալաբյանը՝ հավելելով, որ սա մեղադրանքը պահպանելու անհույս փորձ է, և այն բխում է նրանից, որը երեկ ճեպազրույց էր տալիս և դժգոհում դատական համակարգից (նկատի ունի վարչապետ Փաշինյանին – խմբ.)։ Որպես հետագա քայլեր՝ նա նշել է, որ մտադիր է հիմնովին քանդել մեղադրանքը։ Իսկ այժմ Չալաբյանը մտադիր է վերադառնալ աշխատանքի և պայքարի։