Փեզեշքիան․ Ավելի լավ է այսօր ավարտել պատերազմը, երբ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրն անվանել է «խոշոր ձեռքբերում», որը հավանության է արժանացել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։

Հանրային միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Փեզեշքիանը բանակցությունների արդյունքները բնութագրել է որպես «արժանապատիվ և արժեքավոր»՝ ընդգծելով, որ փաստաթուղթը չի պարունակում Իրանի կապիտուլյացիայի մասին վկայող ոչ մի կետ։

«Նրանք այս համաձայնագրում չեն կարող գտնել որևէ կետ, որը կվկայի կապիտուլյացիայի մասին։ Բոլոր պարտավորությունները վերաբերում են մյուս կողմին», — հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը։

Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի այն անդամները, որոնք անմիջականորեն մասնակցել են բանակցություններին, վճռականորեն աջակցել են ձեռք բերված պայմանավորվածություններին։

Փեզեշքիանն ընդգծել է, որ համաձայնագիրը չի նշանակում Թեհրանի ենթարկվելու պատրաստակամություն, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Նա հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկիրը։

«Մենք ոչ մի պարագայում չենք խոնարհվի ահաբեկման և ճնշման առաջ», — ասել է նախագահը։ — «Մենք նրանց կդիմակայենք մինչև վերջին շունչը և ջախջախիչ պատասխան կհասցնենք»։

Փեզեշքիանը ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային նորմերը խախտելու մեջ՝ իրանական դպրոցներին, հիվանդանոցներին և ենթակառուցվածքին հասցված հարվածների պատճառով։ Միաժամանակ, նա կոչ է արել պահպանել միասնությունը երկրի ներսում։ Նախագահը կոչ է արել իրանցիներին պահպանել միասնությունը և ընդունել տեսակետների տարբերությունները։

«Եթե մենք միասին լինենք, ուժեղ ենք, իսկ եթե բաժանված լինենք՝ կկործանվենք։ Թշնամին հույս է դնում տարաձայնությունների վրա, և մեր խնդիրն է թույլ չտալ, որ պառակտման կրակը բորբոքվի», — ասել է նա։

Նրա խոսքով՝ պատերազմը պետք է ավարտվի այն պահին, երբ Թեհրանը պահպանում է «ուժի և արժանապատվության» դիրքը՝ ներկայիս պահը համարելով պայմանավորվածության հասնելու համար հարմար։ «Ավելի լավ է այսօր ավարտել պատերազմը, երբ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում», — ասել է Փեզեշքիանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *