Տարեսկզբին ուկրաինացի պաշտոնյաները նախագահ Վլադիմիր Զելենսկուն են ներկայացրել Ռուսաստանի դեմ պատերազմը դադարեցնելու նոր ծրագիրը։ Այն ստացել է «M&Ms» ծածկանունը։ Այս մասին հայտնում է The Atlantic-ը։
Ռուսական ռազմաբազաների, նավթավերամշակման գործարանների, մատակարարման գծերի և լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ շարունակական հարվածներին զուգահեռ՝ պաշտոնյաներն առաջարկել են արհեստական բանականությամբ աշխատող ԱԹՍ-ների ալիքներ ուղղել Մոսկվայի օդանավակայանների վրա՝ նպատակ ունենալով կաթվածահար անել Ռուսաստանի մայրաքաղաքից իրականացվող միջազգային չվերթները։
Այս ծրագրի իրագործումը կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմների պատմության մեջ․ արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար դրոնների երամները կարող են թիրախները որոնել և խոցել առանց մարդու մասնակցության։
Վերջին տարիներին նմանատիպ համակարգերը լայ նտարածում են գտել տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ, դրանց կիրառման օրինականությունը ակտիվորեն քննարկվում է պատերազմի վարման կանոնների հնարավոր խախտման տեսանկյունից, և դրանք երբեք լայնամասշտաբ կերպով չեն կիրառվել։