Skoda-ն ներկայացրել է թարմացված Slavia սեդանը

Չեխական Skoda Auto-ն ներկայացրել է թարմացված Slavia սեդանը։ Հիշեցնենք, որ 2021 թվականից սկսած այս մոդելն արտադրվում է երկու երկրում՝ Հնդկաստանում և Վիետնամում։ Նշված պետություններից բացի, Slavia-ն հասանելի է նաև մի շարք այլ զարգացող երկրներում, հայտնում է Drom.ru-ն։

Թարմացումը վերաբերում է հնդկական արտադրության մոդելին։ Արտաքին տեսքը թարմացվել է չնչին, բայց նկատելի շտրիխներով։ Այսպիսով, առջևի բամպերային հատվածն ամբողջությամբ փոխվել է․ ռադիատորի ճաղավանդակը լայնացել է և զրկվել քրոմապատ շրջանակից (այժմ այն սև է)։ Լեդ լուսարձակները պահպանել են նախկին ձևը, սակայն փոխվել է դրանց գրաֆիկան․ փոխվել են մոտակա և հեռակա լույսի անդրադարձիչները, իսկ ցերեկային ընթացային լույսերն այսուհետ բաժանված են չորս հատվածի։ Լուսարձակի ապակու վրա հայտնվել է Skoda դրոշմված գրությունը։ Ետևի հատվածում՝ լուսարձակների միջև, տեղադրվել է սև պլաստիկից դեկորատիվ վահանակ, որի վրա պատկերված է բրենդի անվանումը։

Սրահում տեղադրված է 10,1 դյույմանոց էկրանով և ներկառուցված արհեստական բանականության օգնականով թարմացված մեդիահամակարգ։ Այն կարող է ճանաչել նաև հնդկական ակցենտով անգլերեն ձայնային հրահանգները։ Սարքավորումների թվային վահանակի մակերեսը մեծացվել է և այժմ ունի 10,25 դյույմ անկյունագիծ։

Տեխնիկական փոփոխությունը մեկն է․ հետևի առանցքի վրա սկսել են օգտագործել սկավառակային արգելակներ (դրանք նախկինում թմբուկային են եղել)։ Հնդկաստանում մոդելը նախկինի պես համալրվում է 1.0 և 1.5 լիտրանոց բենզինային շարժիչներով․ առաջինն ապահովում է 115 ձիաուժ, երկրորդը՝ 150։

Skoda Slavia-ի թարմացված տարբերակը Հնդկաստանում կարժենա շուրջ 1,1 միլիոն ռուփի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *