
Օգոստոսի 21-ին եւ 22-ին տեղի է ունենալու «Վարչաֆեստ»-ը` վարչապետի փառատոնը, որի այցելուներին արգելված է միջոցառման տարածք դրսից սնունդ եւ ըմպելիքներ բերել։ Ավելին՝ խստիվ արգելվում է անգամ դրսից ջուր բերելը։
Միջոցառման օրակարգը բավական հագեցած է․ օգոստոսի 21-ին միջոցառումները մեկնարկում են ժամը 12։00-ին, օգոստոսի 22-ին՝ 09։00-ին եւ շարունակվում մինչեւ կեսգիշեր։ Նման երկարատեւ միջոցառման ընթացքում, բնականաբար, առանց սնվելու եւ հեղուկներ օգտագործելու հնարավոր չէ։ Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված սնունդն ու ըմպելիքները փառատոնի տարածք ներս բերելու արգելքը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք տեղում այցելուներին սնունդ եւ ըմպելիքներ տրամադրվելու են, զանգահարեցինք «Վարչաֆեստ»-ի պաշտոնական հեռախոսահամարով։
Մեր հարցին, թե ինչու է սնունդ ներս տանելն արգելված, եւ արդյո՞ք այն հնարավոր է ձեռք բերել միջոցառման տարածքում, պատասխանեցին․ «Տարածքում կան սննդի կետեր, որտեղից կարող եք սնունդ գնել»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք նախատեսվա՞ծ է գիշերակացի հնարավորություն։ Մեզ տեղեկացրին․ «Վրաններ ենք տրամադրում՝ մեկ հոգանոց եւ երկու հոգանոց, որոնց արժեքները համապատասխանաբար 8 հազար եւ 12 հազար դրամ են։ Այս արժեքն իր մեջ ներառում է միայն վրանում գիշերակացը»։
Ստացվում է, որ մարդկանց հրավիրում են երկօրյա միջոցառման, որի առաջին օրը 12 ժամ է տեւելու, երկրորդ օրը՝ 15 ժամ, միեւնույն ժամանակ արգելում են սնունդ եւ նույնիսկ ջուր ներս բերել: Եվ պարզվում է` «Վարչաֆեստի» անվան տակ ոմանք մեծ փողեր են աշխատելու` գիշերելու համար նախատեսված վրաններից օգտվելու, սնվելու եւ անգամ ծարավ լինելու դեպքում: Իսկ այս «Վարչաֆեստ»-ը նախապես ներկայացնում էին որպես անվճար միջոցառում՝ ազատ մուտքով։