Ազատազրկման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանին և Վրաստանին միացնող Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակն անվանել է «պետականության համար աղետալի սպառնալիք»։ Facebook սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ նա հայտարարել է, որ երկիրը բախվել է ՌԴ քաղաքացիների վերաբնակեցման նոր ալիքի, և իշխանություններին ու ընդդիմությանը մեղադրել է տեղի ունեցողին համարժեք արձագանք տալու անկարողության մեջ։
Սաակաշվիլին ռուսաստանցիների ներկայիս ներհոսքը համեմատել է պարսից շահ Աբաս I-ի ժամանակների իրադարձությունների հետ՝ հայտարարելով, որ խոսքը «դարի ողբերգության» և զանգվածային վերաբնակեցման մասին է, որը կարող է փոխել Վրաստանի ժողովրդագրական հավասարակշռությունը։
«Մեր աչքի առաջ տեղի է ունենում դարի ողբերգությունը՝ ռուսաստանցիների զանգվածային վերաբնակեցումը Վրաստանում։ Այս մասշտաբի աղետ մենք չենք ունեցել շահ Աբասի ժամանակներից ի վեր, որը տեղահանում էր քարթլի-կախեթցիներին և նրանց փոխարեն բնակեցնում այլ բնակչություն, որպեսզի Վրաստանը մաքրի վրացիներից», — գրում է քաղաքական գործիչը։
Նրա պնդմամբ, իշխանությունները՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, գործում են Կրեմլի հետ համաձայնեցված։ Սաակաշվիլին նաև մերժել է ռուսաստանյան կողմի բացատրությունները, թե սահմանին մարդկանց կուտակումը կապված է արձակուրդային սեզոնի ավարտի հետ։
«Մեր աչքի առաջ տեղի է ունենում դարի ողբերգությունը՝ ռուսաստանցիների զանգվածային վերաբնակեցումը Վրաստանում», — գրել է երկրի նախկին նախագահը։
Նա կարծիք է հայտնել, որ ներկա միտումների պահպանման դեպքում ռուսաստանցիները Վրաստանում կարող են դառնալ թվաքանակով երկրորդ էթնիկ խումբը՝ վրացիներից հետո, առաջ անցնելով ադրբեջանցիներից։
Սաակաշվիլին քննադատել է նաև վրացական ընդդիմությանը՝ հայտարարելով, որ այն սահմանային իրավիճակին բավարար ուշադրություն չի հատկացնում։
Ավելի ուշ Վրաստանի նախկին նախագահը հրապարակել է լրացուցիչ հայտարարություն, որում մեղմացրել է իր դիրքորոշումը։ Նա առաջարկել է առաջնորդվել Բալթյան երկրների փորձով՝ պահպանելով ռուսաստանցի զբոսաշրջիկների ժամանման հնարավորությունը, բայց միաժամանակ սահմանափակելով ՌԴ քաղաքացիներին մշտական կացության թույլտվության և քաղաքացիության տրամադրումը։ Նրա կարծիքով, բացառություն պետք է անել այն ռուսաստանցիների համար, որոնք իսկապես ենթարկվում են քաղաքական հետապնդումների։
«Այդպիսի ռուսաստանցիներին մենք պետք է ողջունենք ամբողջ սրտով, սակայն նրանք կազմում են ժամանողների ընդհանուր թվի 0,1%-ից էլ պակասը», — հայտարարել է Սաակաշվիլին։
Նրա հայտարարությունների առիթը դարձել էին Վերին Լարսով մարդկանց մեծ հոսքի մասին հաղորդումները։ Օգոստոսի 18-ին ռուսաստանյան մաքսատունը հայտարարել էր ռեկորդային ցուցանիշի մասին՝ օրական ավելի քան 20 հազար մարդ։ Վրաստանի ՆԳՆ-ն այս տվյալներն անվանել է ապատեղեկատվություն և հայտնել, որ երկու ուղղություններով էլ սահմանը հատել է 16 286 մարդ։
Միևնույն ժամանակ, վրացական տվյալների համաձայն, հոսքը դեպի Ռուսաստան գերազանցում էր Վրաստան մուտքը․ երկրից դուրս է եկել մոտ 8,4 հազար մարդ, մինչդեռ մուտք է գործել մոտ 7,8 հազարը։ Ավելի ուշ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը փաստացի հաստատել է այս միտումը՝ դեպի Ռուսաստան հոսքի աճը կապելով արձակուրդային սեզոնի ավարտի հետ։