Պենտագոնը հեռացրել է Stars and Stripes-ի գլխավոր խմբագրին և լրագրողին՝ պարբերականի անկախությունը պաշտպանող նրանց հայտարարություններից հետո

Պենտագոնը հեռացրել է ռազմական Stars and Stripes թերթի գլխավոր խմբագիր Էրիկ Սլավինին և Մերձավոր Արևելքի թղթակից Լարա Կորտեին այն բանից հետո, երբ նրանք հրապարակայնորեն հանդես էին եկել պարբերականի խմբագրական անկախության պաշտպանության օգտին, հաղորդում է Associated Press-ը։

Միաժամանակ աշխատանքից ազատվել է նաև թերթի հրատարակիչ Մաքս Լեդերերը, որը նախկինում հայտարարել էր մոտալուտ կենսաթոշակի անցնելու մասին։

Սլավինը հայտնել է Associated Press-ին, որ անհնազանդության համար ազատման ծանուցում է ստացել CBS հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո, որտեղ հանդես էր եկել խմբագրության աշխատանքին Պաշտպանության նախարարության հնարավոր միջամտության դեմ։

«Ինձ հեռացնում են այն բանի համար, որ CBS-ին տված հարցազրույցում ասել եմ՝ զինծառայողների համար նախատեսված լուրերի հիպոթետիկ գրաքննությունը կդառնար կարմիր գիծ», — ասել է Սլավինը։

Նա ընդգծել է, որ Stars and Stripes-ը պետք է պահպանի խմբագրական անկախությունը, որը, ըստ նրա, երաշխավորված է օրենքով և ԱՄՆ Պաշտպանության նախարարության սեփական կանոններով։

Կորտեն նույնպես հաստատել է իր ազատումը։ «Այսօր ինձ տեղեկացրին, որ Պաշտպանության նախարարությունը հեռացնում է ինձ անհնազանդության համար այն բանից հետո, երբ CBS-ի լրագրողին ասել եմ, որ աշխատում եմ Stars and Stripes-ի համար, ոչ թե Պենտագոնի, ոչ վարչակազմի և ոչ էլ որևէ քաղաքական գործչի համար», — գրել է նա X սոցցանցում։

ԱՄՆ Ազգային մամուլի ակումբի նախագահ Մարկ Շոֆ կրտսերը Սլավինի հեռացումն անվանել է «Պենտագոնի ևս մեկ բացահայտ փորձ՝ թելադրելու զինված ուժերի գործունեության լուսաբանումը» և կոչ է արել չեղարկել որոշումը։

«Թերթի խմբագրի հեռացումն այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն պաշտպանել է իր խմբագրության անկախությունը, խոր մտահոգություն է առաջացնում և պետք է անհանգստացնի յուրաքանչյուր լրագրողի և յուրաքանչյուր զինծառայողի, որը կախված է անկախ լրագրությունից», — հայտարարել է Շոֆը։

Stars and Stripes-ի շուրջ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Պենտագոնը սկսել է քայլեր ձեռնարկել պարբերականի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Մասնավորապես, մի քանի շաբաթ առաջ Լեդերերի ղեկավարությամբ նշանակվել էր հրատարակչի նոր տեղակալ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի գործող զինծառայող կապիտան Ուիլյամ Արբանը։ Associated Press-ի տվյալներով, Լեդերերը նախապես տեղեկացված չի եղել նրա նշանակման մասին։

Ինքը՝ Լեդերերը, այս շաբաթ աշխատակիցներին հայտնել է, որ իր հեռանալը կապված է Stars and Stripes-ի առաքելության ու արժեքի վերաբերյալ իր պատկերացումների և Պաշտպանության նախարարության ղեկավարության նոր կուրսի միջև եղած հիմնարար տարաձայնությունների հետ։ Լեդերերը թերթում աշխատել է մոտ 30 տարի և 2007 թվականից զբաղեցրել հրատարակչի պաշտոնը։

Հունվարին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել էր, որ Stars and Stripes-ը պետք է նախ և առաջ ուղղված լինի զինծառայողներին և լուսաբանի պատերազմի վարումը, սպառազինությունը, մարտական պատրաստությունը և մարտունակությունը։ Նա նաև հանդես էր գալիս այն նյութերի հրապարակման դեմ, որոնք համարում էր քաղաքական կամ անմիջապես ռազմական թեմատիկայի հետ չկապված։

Ապրիլին Պենտագոնը նաև հեռացրել էր Ժակլին Սմիթին, որը զբաղեցնում էր Stars and Stripes-ի օմբուդսմենի պաշտոնը և կոչված էր ապահովելու թերթի խմբագրական անկախությունը։

Հրատարակչի նոր տեղակալ Արբանը հայտնել է Associated Press-ին, որ մտադիր է շարունակել զինծառայողներին, նրանց ընտանիքներին և ռազմական համայնքին ուղղված անկախ լրագրության ապահովման աշխատանքը։ Ըստ նրա, առաջնահերթություններից մեկը կլինի պարբերականի թվային ձևաչափի զարգացումը։

Միևնույն ժամանակ դեռևս պարզ չէ՝ Արբանը կդառնա՞ արդյոք Stars and Stripes-ի նոր հրատարակիչը։ Վերջինս նշել է, որ առայժմ չի կարող մեկնաբանել իր ապագա դերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *