
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզում հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա, կան տուժածներ: Այս մասին հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։
«Բելգորոդի շրջանի Դուբովոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժել է 3 խաղաղ բնակիչ։ Տարբեր աստիճանի վնասվածքներով տղամարդուն և կնոջը շտապօգնությունը տեղափոխել է Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Երրորդ տուժածը տեղափոխվել է մարզային կլինիկական հիվանդանոց», – ասվում է շտաբի՝ MAX հարթակում տարածած հաղորդագրության մեջ։ Վնասվել են նաև տրանսպորտային միջոց և ավտոկանգառի ապակիները։
Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնն էլ հայտնել է, որ անցած օրվա ընթացքում մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ:
«Բելայայի շրջանի Պեսչանոյե գյուղում 69-ամյա տղամարդ է մահացել, վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 4-ը` Կուրսկի շրջանում, 1-ը՝ Բելայայում, ևս մի կին՝ Սուջանսկում», – MAX հարթակում հայտնել է Խինշտեյնը։
Բրյանսկի մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկն իր հերթին հայտնել է, որր մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով Կուբանում 2 երեխա է զոհվել, կան տուժածներ. այս մասին էլ հայտնել է Կուբանի մարզպետը։