
Վերջին օրերին բանակում մեկը մյուսին հաջորդող ողբերգական դեպքեր են արձանագրվում։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում երեք զինծառայողի կյանք ընդհատվեց։
Օգոստոսի 13-ին Մեղրիում ՊՆ զորամասերից մեկում մահացած էր հայտնաբերվել զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանը՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ հետագայում գործով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
Օգոստոսի 19-ին արդեն Ճամբարակում ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Ճամբարակ-Վահան ճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել յոթ զինծառայողի։ 18-ամյա Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է, ևս վեց զինծառայող վիրավորվել։ Վարորդը ձերբակալվել է, իսկ նրա նկատմամբ հետագայում հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Ի դեպ, այս լուրի սկզնաղբյուրը «Հրապարակ»֊ն էր, և մեր տեղեկություններով`զինծառայողները մինչ այդ պատժվել էին և ուշ երեկոյան ճանապարհին վազում էին, ինչի ընթացքում էլ տեղի էր ունեցել վրաերթը։
ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն, սակայն, շտապեցին հերքել հրապարակված տեղեկությունների մի մասը՝ հայտարարելով, որ զինվորները հակագազերով չեն վազել և դեպքին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել։
Սակայն նույնիսկ այդ հերքումը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչո՞ւ էին յոթ զինծառայողներ ուշ երեկոյան հայտնվել այդ ճանապարհին, ինչ պայմաններում էին նրանք այնտեղ և արդյոք նրանց այնտեղ գտնվելը որևէ ծառայողական հանձնարարության կամ հրահանգի հետևանք էր։ Այդ հարցերը, ըստ հրապարակված տեղեկությունների, դեռ պետք է պարզվեն քննությամբ։
Եվ այսօր՝ օգոստոսի 23-ին, Վայքում կրկին զինծառայողի մահվան մասին լուր ստացվեց՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները դեռ քննվում են։ Մինչդեռ մեր տեղեկություններով`զինվորն իրեն ամրակցված զենքով սպանել է ծառայակցին։
Այսպիսով՝ մի քանի օրվա ընթացքում՝ երեք զինծառայողի մահ։
Ու այս ամենի ֆոնին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է այցելել զորամասեր, հանդիպել զինվորների հետ և խոսել բանակում իրականացվող բարեփոխումների մասին։
Բայց արդեն դժվար է չնկատել այս դառը հակասությունը․ նա շրջում է զորամասերով, իսկ բանակում մահերի շարքը չի դադարում։
Ավելին՝ ստեղծվում է տպավորություն, որ Պապիկյանի այդ անվերջանալի զորամասային այցերը ոչ թե դրական, այլ հակառակ էֆեկտն են տալիս։ Եթե նախարարն այդքան հաճախ է լինում զորամասերում, բայց զինվորի անվտանգության ամենապարզ հարցերը շարունակում են մնալ չլուծված, ապա ի՞նչ իմաստ ունեն այդ այցերը։
Զինվորին պետք չեն հերթական տեսախցիկների առաջ հանդիպումները, գեղեցիկ հաշվետվությունները և «բարեփոխումների» մասին հայտարարությունները։ Զինվորին պետք է մեկ բան՝ ողջ և առողջ տուն վերադառնալ։
Իսկ եթե դրա փոխարեն մեկ շաբաթում երեք ընտանիք սգում է, ապա ՊՆ ղեկավարից հասարակությունն իրավունք ունի պահանջելու ոչ թե հերթական այցի լուսանկար, այլ իրական պատասխան՝ ի՞նչ է կատարվում բանակում և ինչո՞ւ նախարարի հայտարարած բարեփոխումները դեռ չեն ապահովում զինվորի ամենակարևոր իրավունքը՝ կենդանի վերադառնալ տուն։