Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա

Թաիլանդի հարավում, որտեղ երկար տարիներ գործում է անջատողական ընդհատակը, տեղի են ունեցել ավելի քան 50 համակարգված հրկիզումներ և հարձակումներ՝ հրկիզող սարքերի կիրառմամբ, հաղորդում է BBC News-ը։

Թաիլանդի բանակի տվյալներով, հարձակումներն ուղղված էին իրավիճակի ապակայունացմանը։

Հարձակումների հետևանքով տուժել է երկու մարդ։ Թիրախների թվում են եղել տեղական վարչակազմի շենքը, խանութը և առևանգված ավտոմեքենան։ Բացի այդ, մի քանի վայրերում հրկիզվել են հեռահաղորդակցության աշտարակներ։

Հարձակումները տեղի են ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 20:00-ից մինչև կեսգիշեր, հարավային սահմանամերձ երեք նահանգներում՝ Նարաթիվատում, Յալայում և Պատտանիում։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Նարաթիվատում։ Bangkok Post-ի տվյալներով, նահանգի շրջաններից մեկում ռումբի պայթյունից երկու կին է վիրավորվել։

Անվտանգության ուժերը բնակիչներին զգուշացրել են չմոտենալ կասկածելի առարկաների։ Նարաթիվատում իշխանությունները պարետային ժամ են սահմանել, որը չեղարկվել է կիրակի առավոտյան։ Այդ պահի դրությամբ նոր հարձակումներ չեն արձանագրվել։ Հարձակումների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել։

Թաիլանդի հարավում 2004 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, որի ընթացքում մահմեդական ապստամբները ձգտում են ավելի մեծ ինքնավարություն ստանալ երկրի բուդդայական մեծամասնություն ունեցող՝ գերազանցապես մահմեդական բնակչությամբ հարավային նահանգների համար։ Այդ ընթացքում բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 7 հազար մարդ։

Հիմնական ապստամբական խմբավորումը համարվում է Ազգային հեղափոխական ճակատը (Barisan Revolusi Nasional, BRN)։ Մալայզիայի միջնորդությամբ խաղաղ բանակցությունները սկսվել են 2013 թվականին, սակայն բազմիցս փակուղի են մտել Բանգկոկում քաղաքական փոփոխությունների և հակամարտող կողմերի ներսում տարաձայնությունների պատճառով։

Հուլիսին Նարաթիվատում հրազենի և պայթուցիկների կիրառմամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է հինգ զինծառայող։ Դրանից հետո իշխանությունները հետաձգել են խաղաղ երկխոսության նախատեսված փուլը։

Այս հարձակումների շարքը տեղի է ունեցել Թաիլանդի վարչապետ Անութին Չառնվիրակուլի և նրա կառավարության անդամների՝ երկրի հարավ նախատեսված այցի նախաշեմին։ Հաջորդ շաբաթ նրանք պետք է այցելեն Սոնգխլա նահանգի Հաթյայ քաղաք, որտեղ նախատեսվում է քննարկել ներդրումների, ջրհեղեղների կանխարգելման և անվտանգության հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *