Կոնգոյի ԴՀ իշխանություններն ու M23 ապստամբները համաձայնեցրել են խաղաղ բանակցությունների «ճանապարհային քարտեզը»

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը և M23 ապստամբական խմբավորումը, որը Կինշասան և միջազգային կազմակերպությունները կապում են Ռուանդայի հետ, համաձայնեցրել են հետագա խաղաղ բանակցությունների «ճանապարհային քարտեզը», հայտնում է BBC News-ը։

Կողմերը հնգօրյա բանակցություններ են անցկացրել Շվեյցարիայում և հանդիպման արդյունքներով հայտարարել են, որ մտադիր են շարունակել երկխոսությունը՝ համապարփակ խաղաղության հասնելու և հակամարտությունը կարգավորելու համար։ Նրանք նաև պայմանավորվել են ստեղծել հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմ։

Ճանապարհային քարտեզը սահմանում է 2025 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի շրջանակում հետագա բանակցությունների հերթականությունն ու ժամկետները։ Չնայած դրա ստորագրմանը՝ Կոնգոյի ԴՀ արևելքում մարտական գործողությունները շարունակվել են։

Կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել մեխանիզմ՝ գնահատելու Դոհայի շրջանակային համաձայնություն անունով հայտնի պայմանավորվածության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը։ Դրա մասնակիցները մտադիր են համատեղ քննարկել առաջացող խնդիրները և լուծումներ որոնել՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար։

Հրադադարի պահպանման առաջին ստուգումը նախատեսվում է անցկացնել երկուշաբթի՝ Հարավային Կիվու նահանգի Մինեմբվեի շրջանում, որտեղ զինված բախումները շարունակվում են։

Միևնույն ժամանակ կողմերի միջև պահպանվում են լուրջ տարաձայնություններ։ Մասնավորապես, դրանք վերաբերում են M23-ի դեմ պատժամիջոցներին, ձերբակալվածների ազատ արձակմանը և քաղաքական բարեփոխումների անցկացման ժամկետներին։

Բանակցություններին մասնակցել են M23-ի և Կոնգոյի ԴՀ կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Կատարի, ԱՄՆ-ի, Տոգոյի, Աֆրիկյան միության հանձնաժողովի և Շվեյցարիայի ներկայացուցիչներ։

Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում մարտական գործողությունները շարունակվում են՝ չնայած հրադադարի վերաբերյալ բազմակի պայմանավորվածություններին։ Կոնգոյի ԴՀ կառավարությունն ու M23-ը միմյանց մեղադրում են դրանց խախտման մեջ։

Հակամարտությունը սերտորեն կապված է Կոնգոյի ԴՀ-ի և հարևան Ռուանդայի հարաբերությունների հետ։ Կինշասան մեղադրում է Ռուանդային M23-ին զենքով և զինծառայողներով աջակցելու մեջ, մինչդեռ Ռուանդայի իշխանությունները հայտարարում են, որ իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում պաշտպանական բնույթ է կրում։

Կիգալին նաև պնդում է, որ Կոնգոյի ԴՀ-ը չի վերացրել Ռուանդայի ազատագրման ժողովրդավարական ուժեր (FDLR) խմբավորումը, որը Ռուանդան համարում է իր անվտանգության սպառնալիք։ Կինշասան հերքում է այս խմբավորմանը աջակցելը։

2025 թվականի հունվարին հակամարտությունը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ M23-ը գրավեց Կոնգոյի ԴՀ արևելքի զգալի տարածքներ, այդ թվում՝ Գոմա քաղաքը և երկու օդանավակայան։ Տասնամյակների դիմակայության ընթացքում հազարավոր մարդիկ զոհվել են, իսկ հարյուր հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Կոնգոյի ԴՀ արևելքը հարուստ է նաև կոլտանով և այլ օգտակար հանածոներով, որոնք մեծ նշանակություն ունեն համաշխարհային էլեկտրոնային արդյունաբերության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *