Զելենսկի․ Ուկրաինան չի մասնակցել «Հյուսիսային հոսք-2»-ի պայթեցմանը, բայց գործով անցնողների թվում կան ուկրաինացիներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի պայթեցման հետաքննության գործով ներգրավված անձանց թվում կան նաև Ուկրաինայի քաղաքացիներ, հայտնում է РБК-Украина-ն։

Ըստ նրա, Ուկրաինան պաշտոնապես երբեք չի մասնակցել գազատարի պայթեցման հետ կապված գործողություններին և որևէ առնչություն չի ունեցել ոչ այս գործողության մտահղացման, ոչ էլ իրականացման հետ։ Միևնույն ժամանակ հետաքննությունը շարունակվում է, գործում կան մեղադրանքներ և վկաներ, իսկ քննչական գործողությունները վերաբերում են նաև Ուկրաինայի քաղաքացիներին։

«Հարցն այն չէ, թե ով ինչ է ցանկանում. սա գործընթաց է, որն այժմ ընթանում է», — ասել է Զելենսկին Կիևում կայացած Ուկրաինա — Հյուսիս-բալթյան ութնյակ գագաթնաժողովի ժամանակ։

Նախագահը նշել է, որ ուկրաինական իշխանությունները կապի մեջ են գերմանական կողմի հետ և պատրաստ են համագործակցել եվրոպացի գործընկերների հետ հետաքննության շրջանակում։ Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը և Արտաքին գործերի նախարարությունն արդեն ներգրավված են համապատասխան աշխատանքներում։

Զելենսկին ընդգծել է, որ Կիևի համար կարևոր է պահպանել եվրոպական երկրների վստահությունը, որոնք պատերազմի սկզբից աջակցում են Ուկրաինային, ուստի Ուկրաինան բաց է համատեղ գործողությունների համար՝ պայթեցման բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Ավելի վաղ Խորվաթիայում «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման գործի շրջանակում ձերբակալվել էր Ուկրաինայի մի քաղաքացի։ Հավանաբար խոսքը Վլադիմիր Ժուրավլյովի մասին է, որի նկատմամբ Գերմանիան 2024 թվականի հունիսին ձերբակալման օրդեր էր տվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *