Հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավարության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ.
«Կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական Միությանը անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։
Խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային։
2025–ի մարտին Ազգային ժողովը ընդունեց ԵՄ–ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Օրենքի վերնագրից և նաև կարճ բովանդակությունից ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան։ Ասել է, թե՝ հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի և հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իր տեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանո՞վ են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանը անդամագրվելու համար։
Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխան ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ–ին։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը։ Առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով, կա նաև տնտեսական կոմպոնենտը Հայաստանի ԵՄ շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում և սրա հնարավոր էֆեկտը տեսնելու և հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա մեր ժողովուրդը։
Իմ ընկալումը այն է որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ–ին դիմելուց համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։
Բայց նաև այս առիթով եմ ուզում պարզաբանել թե մենք ինչու ենք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, և ինչու՞ ենք խոսում ԵՄ–ին անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխաններ այսօր չունենք. մի պարզ պատճառով, այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլընտրանք չունի, սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, մենք ձևավորում ենք և ձևավորելու ենք այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի համար։
Այլընտրանքներ ունենալը պետական անվտանգության հարց է մեզ համար, որովհետև այլընտրանք չունենալը նշանակում է որևէ մեկին հնարավորություն տալ մեզ պարտադրել ցանկացած բան։ Այս ընթացքում մենք ստեղծել ենք բազմաթիվ այլընտրանքներ, օրինակ, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հարցում։
Եթե մենք շարունակեինք մնալ առանց այլընտրանքների, մեր բանակը չէր ունենա այն սպառազինությունը և տեխնիկան, որը այսօր ունի։ Եվ ընդհակառակը, մենք հիմա կրում ենք այն բանի հետևանքը, որ Հայաստանում արտադրված վարդի արտահանման այլընտրանք չէր ձևավորվել։ Եթե ձևավորված լիներ, մենք մեզ կերաշխավորեինք ընթացիկ պրոբլեմից, այնպես, ինչպես երաշխավորել էինք բենզինի պրոբլեմից»,–ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ բացարձակապես համաձայն չէ այն գնահատականի հետ, թե արտահանման ոլորտում առաջացած խնդիրը ճգնաժամ է. «Դա ճգնաժամ է ԵԱՏՄ–ի համար, իսկ Հայաստանի համար դա հնարավորություն է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ինչպես աշխարհում կան բազմաթիվ զենք վաճառողներ, մանավանդ, երբ դու որդեգրում ես այդ զենքը միայն պաշտպանական նպատակներով կիրառելու և քո երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս դրանք չի կիրառելու ռազմավարություն, ինչը մենք արել ենք հրապարակային կերպով, այնպես էլ աշխարհում կան բազմաթիվ վարդ գնողներ, և վարդը այդ բազմաթիվ գնողներին հասցնելու համար մի բան է հարկավոր՝ աշխատանք, գրագետ, հետևողական, համբերատար աշխատանք, ինչը և մենք մեր հարգելի տնտեսվարողների հետ անպայման կանենք և անում ենք։
Ի դեպ, կառավարությունը այս աշխատանքը վաղուց է սկսել, բայց եթե զենքի թեմայով կառավարությունը որոշելու մենաշնորհ ունի, որտեղ ձեռք բերի, ինչ և այլն, մյուս ոլորտներում այդպես չի, և հաջողություն այդտեղ շատ դեպքերում չենք ունեցել, որովհետև մեր հարգելի տնտեսվարողներին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով շատ դժվար է դուրս բերել, այսպես ասած, կոմֆորտ զոնայից, բայց մենք միշտ այդ ազդակը տվել ենք, որ տեսեք շատ ապրանքներ կան, որ դուք արտահանում եք մեր ինքնիշխանության հաշվին, և գալու է պահը, երբ որ մենք հարց է ձևակերպվելու, ի՞նչն ենք մենք ընտրում, մենք այս ուղերձը միշտ տվել ենք, որ մենք ընտրելու ենք ինքնիշխանությունը, ուրիշ տարբերակ պարզապես չկա»։