

2026թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հուլիսի 29-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։
Սևան համայնքում անցկացված իրազեկման հանդիպման մասնակիցները քննարկեցին կենսաբազմազանության պահպանության խնդիրները, համայնքների՝ COP17-ին մասնակցելու և իրենց նախաձեռնությունները ներկայացնելու հնարավորությունները։
Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությունները, որոնք կարող են ներկայացվել COP17-ում։
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանի գնահատմամբ՝ COP17-ը համայնքների համար կարող է դառնալ իրենց փորձը, նախաձեռնություններն ու պիլոտային ծրագրերը միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորություն։ Նա կարևորեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից համայնքներում իրազեկման հանդիպումների անցկացումը և համայնքների մասնակցությունը համաժողովի շրջանակներում։ Նրա խոսքով՝ բազմաթիվ տեղական հասարակական կազմակերպություններ և համայնքային նախաձեռնություններ գուցե արդեն ունեն գաղափարներ ու ծրագրեր, սակայն դեռ չեն պատկերացնում՝ ինչպես կարող են դրանք ներկայացնել COP17-ի շրջանակում։
Սևանի համար COP17-ը, ըստ Սաթիկ Բադեյանի, հատկապես կարևոր հնարավորություն է՝ ներկայացնելու համայնքի այն տեսլականը, որը մշակվել է մասնակցային եղանակով։ Սևան համայնքում մշակված մշակութային զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը բնապահպանական բաղադրիչն է։ Սևան համայնքը նպատակ ունի դառնալ էկոկենցաղավարման և էկոտնտեսավարման մշակույթ ստեղծող և տարածող համայնք։ «Հատկապես գտնվելով Սևանա լճի ափին՝ շատ սերտ կապված է համայնքի բնապահպանական գիտակցությունը լճի բնապահպանական վիճակի հետ։ Հետևաբար, մեր հաջորդ քայլը լինելու է այնպես անել, որ Սևանա լիճը լինի ցուցադրական լիճ ամբողջ աշխարհի մասշտաբով, և COP17-ը շատ մեծ հնարավորություն է այդ մասին խոսելու, բարձրաձայնելու, դա ցույց տալու, նաև ռեսուրսներ ներգրավելու, որպեսզի կարողանանք այդ մեր երազանքները իրականացնել», – ասաց Սաթիկ Բադեյանը։
Նրա ներկայացմամբ՝ նպատակը միայն բնապահպանական գիտակցության բարձրացումը չէ։ Կարևոր է, որ բնապահպանական վարքագիծը կապվի համայնքի կայուն տնտեսական զարգացման հետ, և մարդիկ իրենց առօրյան ու տնտեսությունն այնպես կազմակերպեն, որ այն բնությանը չվնասեն, այլ նպաստեն դրա պահպանությանը։
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ստեղծվել է դեռևս 2002թ․՝ Սևանա լճի պահպանության նպատակով։ Հետագայում կազմակերպությունը եկել է այն համոզման, որ լճի պահպանությունը հնարավոր չէ առանձնացնել ափամերձ համայնքներում ապրող մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքից։ «Սևանի էկոհամակարգը միայն ջրային ավազանը չէ․ դրա մի մասն են նաև լճի շուրջ ապրող մարդիկ, որոնք դարեր շարունակ ապրել են լճի հետ փոխկապակցված։ Սակայն երբ Սևանը սկսեց ընկալվել որպես պարզապես «ռեսուրս», այդ հարաբերությունը փոխվեց, և ռեսուրսների գերշահագործումը հանգեցրեց լուրջ բնապահպանական խնդիրների»,- ասաց Սաթիկ Բադեյանը։
Այս համատեքստում նա կարևորեց ոչ թե մարդկանցից բնությունից օգտվելու այս կամ այն ձևից հրաժարվել պահանջելը, այլ՝ այլընտրանքային հնարավորություններ ստեղծելը։ «Եթե մարդուն ասում ես՝ ձուկ մի որսա, բայց քանի որ դարեր ի վեր դա եղել է իր հիմնական զբաղվածությունը՝ եկամտի միակ աղբյուրը, բա ի՞նչ է անելու այդ մարդը։ Այսինքն՝ պետք է այլընտրանք առաջարկել բնությունը պահպանելու համար», – ասաց նա։
Հենց այդ տրամաբանությամբ կազմակերպությունը ափամերձ համայնքներում սկսել է փնտրել առկա, բայց չօգտագործվող ռեսուրսներ, որոնք կարող են դառնալ մարդկանց եկամտի այլընտրանքային աղբյուրներ։ Այդ նախաձեռնություններից մեկը Լճաշենում ստեղծված «Էթիունի» թանգարան-հյուրատունն է։ Այն հիմնված է Լճաշենի բացառիկ մշակութային ժառանգության վրա։

Սաթիկ Բադեյանի խոսքով՝ Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով բացահայտված բրոնզեդարյան դամբարանադաշտը համաշխարհային նշանակության բացառիկ նյութ է տվել հնագետներին՝ այդ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի, սովորույթների և ծեսերի ուսումնասիրության համար։ Սակայն երկար ժամանակ այդ ժառանգությունը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը գրեթե չէր նպաստում։ Լճաշենում, ինչպես Սևանի ափամերձ մյուս համայնքներում, հիմնական զբաղվածություններից մեկը ձկնորսությունն էր։ «Մենք որոշեցինք փոխել մարդկանց կենսակերպը», – նշեց Սաթիկ Բադեյանը։

«Էթիունի» թանգարան-հյուրատունը ներկայացնում է Լճաշենի պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Իրական հնագիտական գտածոները կազմակերպությունը թանգարանին է հանձնում, իսկ այցելուներին ներկայացվող նմուշները դրանց կրկնօրինակներն են։

Սաթիկ Բադեյանի խոսքով՝ այս մոտեցումը նաև գանձագողության դեմ պայքարի միջոց է։ Եթե բնակիչը տեսնում է, որ մշակութային ժառանգությունը պահպանելով, ներկայացնելով և դրա շուրջ զբոսաշրջային ծառայություն ստեղծելով հնարավոր է եկամուտ ստանալ, ապա դա կարող է ավելի շահավետ լինել, քան գտածոները վաճառելը։ «Մենք ուզեցինք մեր օրինակով ցույց տալ, որ այդ ամենը, եթե անգամ պահում եք ձեզ ու ձեր տանը, ցուցադրում եք, դրանից ավելի շատ եկամուտ կունենաք, քան թե տանեք կոպեկներով վաճառեք», – ասաց նա։

«Էթիունի» թանգարան-հյուրատունը նաև շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման օրինակ է։ Տարածքում օգտագործվում է արևային էներգիա։ Նոր կահույք ձեռք բերելու փոխարեն օգտագործվել է հին կահույք, որը վերականգնել և նոր կյանք են տվել։ Լճաշենի պատմությունը ներկայացնելու համար օգտագործվում են նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Թանգարանում ստեղծվել է հոլոգրաֆիկ բուրգ, որտեղ ներկայացվում են Լճաշենի հնագիտական գտածոների պատկերներ։
Կազմակերպությունը նաև երիտասարդներին ներգրավել է եռաչափ մոդելավորման և եռաչափ տպագրության աշխատանքներում։ Իրական գտածոների լուսանկարների հիման վրա ստեղծվում են եռաչափ մոդելներ, որոնք տպագրվում են և ներկայացվում որպես կրկնօրինակներ։ Եռաչափ տպագրության համար նախատեսված ֆիլամենտ ստանալու նպատակով օգտագործում են պլաստիկ թափոն։ Թանգարան-հյուրատան տարածքում պատրաստվել են նաև հին դռներից ստեղծված թագավորական գահերի նմանակներ, իսկ սեղաններն ու աթոռները պատրաստվել են երկրորդային օգտագործման կահույքից։
Շրջանաձև տնտեսության սկզբունքները տարածվում են նաև համայնքի բնակիչների շրջանում։ Սաթիկ Բադեյանի խոսքով՝ կազմակերպության աշխատակիցները, գյուղի կանայք և երիտասարդները մասնակցել են տարբեր դասընթացների, ինչի արդյունքում որոշ մասնակիցներ սկսել են թղթի թափոններից տարբեր արտադրանքներ պատրաստել, այդ թվում՝ ջահեր, և դրանց հիման վրա սեփական բիզնեսներ ստեղծել։
Նախատեսում են զարգացնել նաև սննդային թափոնների կոմպոստավորումը։ Սաթիկ Բադեյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ոչ միայն հյուրատանը, այլև համայնքի հասարակական սննդի այլ կետերում։ Նրանց տրամադրվելու են կոմպոստավորման տարաներ և ուսուցում՝ սննդային թափոնների ճիշտ կառավարման համար։ Հյուրատանը հավաքվում է նաև օգտագործված ձիթայուղը, որը հանձնվում է համապատասխան կազմակերպության։ Խոհանոցում տեղադրված է յուղորսիչ, որպեսզի յուղերը չհոսեն կոյուղի։ Օգտագործվում է նաև սեպտիկ համակարգ, որտեղ կիրառվում են բակտերիաներ՝ ջրի մաքրման գործընթացում։
Կազմակերպության մեկ այլ նախաձեռնություն գործում է Ծովագյուղում, որտեղ ստեղծվել է երիտասարդական կենտրոն՝ որպես սոցիալական ձեռնարկություն։ Այստեղ զարգացնում են էկոտուրիզմի ենթակառուցվածքները, գործում է գլեմփինգ, կազմակերպվում են հեծանվային և քայլարշավներ, ընդունում զբոսաշրջիկների։ Կենտրոնի գործունեությունից ստացված շահույթն ուղղվում է երիտասարդական կենտրոնի աշխատանքներին։
Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Օգոստոս 24, 2026 at 12:13