
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Մինսկի և Կիևի միջև կվերականգնվի փոխշահավետ համագործակցությունը՝ հիմնված վստահության, հարգանքի և հավասարության վրա։
Այս մասին հաղորդում է ԲելՏա լրատվական գործակալությունը։
Բելառուսի առաջնորդը վստահություն է հայտնել, որ անկախ աշխարհաքաղաքական ցնցումներից՝ ուկրաինացիների և բելառուսների ապագա սերունդների միջև կմնան հավերժական բարեկամական և ընտանեկան կապեր, և որ «Մինսկն ու Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը՝ հիմնված վստահության, հարգանքի և հավասարության վրա»։
Երկիրը միշտ բաց է «յուրաքանչյուր ուկրաինացու համար, ով գալիս է բարի մտադրություններով», – ընդգծել է Լուկաշենկոն։
«Բելառուսի և ուկրաինացի ժողովուրդների պատմական ճակատագրերը սերտորեն միահյուսված են։ Մեր ազգերը կապված են դարավոր ավանդույթներով, համատեղ հաղթանակների հիշողությամբ և դժվարին փորձություններով», – իր շնորհավորական ուղերձում ասել է Լուկաշենկոն։
Հատկանշական է, որ Լուկաշենկոյի շնորհավորանքը հնչում է այն պարագայում, երբ Բելառուսը Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանի ամենամերձավոր ռազմավարական դաշնակիցն է, ինչը ամրագրված է նաև երկու պետությունների Միութենական պետության հիմքով։