Այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին, որոնք հետևանք են, մասնավորապես, ինքնասպանության և սպանության։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարը  թեմային անդրադարձել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե որն է պատճաոը, որ վերջին շրջանում բանակում հաճախակի են դարձել սպանության և ինքնասպանության հետևանքով գրանցվող մահերը։

«Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում։ Ինչո՞ւ։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ այս հարցին պետք է նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն են ենթադրում։ Հայաստանի բանակի ողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր եղել են մշտապես, դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ, 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ 2-ի»,- մանրամասնել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը նաև ներկայացրել է վիճակագրություն, թե սկսած 2015 թվականից մինչև 2026 թվականը բանակում տարեկան կտրվածքով ինքնասպանությունների, սպանությունների, ինքնասպանության հասցնելու քանի դեպք է գրանցվել։

«2015 թվականին դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016 թվականին այդ թիվը միանգամից դարձել է 19։ Այս ընթացքում աշխատել են նույն նախարարն ու Գլխաբվոր շտաբի նույն պետը։ 2017 թվականին այդ թիվը եղել է 13, 2018 թվականին՝ 12, 2019 թվականին՝ 11, 2020 թվականին՝ 10, 2021 թվականին՝ 10, 2022 թվականին՝ 8, 2023 թվականին՝ 9, 2024 թվականին՝ 11, 2025 թվականին՝ 2, 2026 թվականին՝ 8։  Սա վիճակագրություն էր այն մասին, որ վերջին տասնամյակի ընթացքում այս թվերը և՛ մեծացել են, և՛ պակասել են։ Սրանք ունեն տարբեր պատճառներ, իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով են, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են, ոչ միայն այսօր, այլ նաև երեկ։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չէ։ Անկախ նրանից՝ պաշտպանության նասխարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Ես չպետք է խորշեմ լսել, որ դուք ներկայացնում եք ինչ-որ խնդիր, այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ»,-ասել է նախարարը։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *