Գազայի ապագա կարգավիճակից մինչև սիրիական իրադարձություններ․ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի երկու առանցքային ռազմական տերությունների միջև տարաձայնությունների կծիկն ավելի է խճճվում։ Վերջին երեք տարիների ընթացքում նրանց հարաբերությունները հետևողականորեն վատթարացել են մի քանի ուղղություններով, գրում է Le Monde-ն։
Տարածաշրջանի երկու գլխավոր ռազմական տերությունների ղեկավարների միջև բախումների, սպառնալիքների ու փոխադարձ վիրավորանքների ցանկը շարունակում է ընդլայնվել։ Ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «հակասեմական բռնապետ»։ Այս հայտարարությունը գրեթե բառացիորեն կրկնում է իսրայելցի վարչապետի՝ դեռևս հունիսին հնչեցրած մեղադրանքները, երբ Թուրքիայի ղեկավարն Իսրայելն անվանել էր «ուղղակի սպառնալիք» իր երկրի համար։
«Էրդողանը հակասեմական բռնապետ է, որը քրդերի ջարդեր է կազմակերպել, պատսպարում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, օկուպացրել է Կիպրոսի կեսն ու ճաղերի հետևում է պահում իր կարծիքը չկիսող լրագրողներին ու քաղաքական գործիչներին։ Հիմա էլ նա փորձում է Իսրայելի դեմ իր ագրեսիան տեղափոխել Սիրիա։ Իսրայելը դա չի հանդուրժի»,— պաշտոնական ուղերձում հայտարարել է Նեթանյահուն։
Այս հայտարարությունը պատասխանն էր Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեքի՝ ընդամենը ժամեր առաջ արած հայտարարությանը, ըստ որի՝ Նեթանյահուին կալանավորելու օրդեր է տրվել։ Պատճառը մայիսին Գազա ուղևորվող «Ազատության նավատորմի» կալանման հետաքննությունն է, որի հետևանքով լրջորեն տուժել էին նաև այնտեղ գտնվող ակտիվիստները։ Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2025 թվականի վերջին, երբ թուրքական դատարանները իսրայելցի վարչապետին կալանավորելու կոչ էին արել՝ Գազայում իրականացրած «ցեղասպանության» և «մարդկության դեմ հանցագործությունների» մեղադրանքով։
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները հետևողականորեն վատթարանում են մի քանի ուղղություններով։ Առաջին առանցքային ճակատը Սիրիան է, որը երկու տերություններն էլ դիտարկում են որպես սեփական շահերի համար կենսական նշանակություն ունեցող տարածք։ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի տապալումից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Դամասկոսի բանակային պոտենցիալի մնացած զգալի մասը։ Իսրայելը սահմանին շարունակում է «անվտանգության բուֆերային գոտի» պահպանել (ինչպես Գազայի ու Հարավային Լիբանանի պարագայում)։ Թուրքիան, իր հերթին, տարիներ ի վեր ռազմական ներկայություն է պահպանում երկրի հյուսիսային հատվածում։
Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Անկարան ծրագրում էր թուրքական զորախումբ տեղակայել Աբու ադ-Դուհուր սիրիական ռազմական աէրոդրոմում։ Այն գտնվում է Թուրքիայի ընթացիկ դիրքերից դեպի հարավ ընկած տարածքում։ Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել այդ օբյեկտին։
«Իսրայելն ու Սիրիան համաձայնեցրել են անվտանգության կարգավիճակը, որը Սիրիան պատրաստվում էր խախտել՝ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում»,— պարզաբանել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Դամասկոսի ղեկավարությունը անտեսել է բազմաթիվ զգուշացումները։
Իսրայելի ընտրությունները և ներքին համատեքստը
Գազայի հատվածի ապագան և ՀԱՄԱՍ-ի դերը շարունակում են մնալ կոշտ դիմակայության ևս մեկ թեժ կետ։ 2023 թվականի դեկտեմբերին Թուրքիան միացել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի ներկայացրած հայցին՝ երկրին մեղադրելով ցեղասպանության մեջ․ պաղեստինցիների պաշտպանությունը դարձել է Անկարայի արտաքին քաղաքականության անկյունաքարը։
ՀԱՄԱՍ-ի հետ Ստամբուլի սերտ հարաբերությունների պատճառով Իսրայելը կտրականապես դեմ է Գազայի հետպատերազմյան կարգավորմանը Թուրքիայի ներգրավմանը։ Սակայն 2025-ի հոկտեմբերին՝ հրադադարի շուրջ քննարկումների ավարտական փուլում, Նեթանյահուն ստիպված է եղել զիջումների գնալ, քանի որ Թուրքիան կարողացել է միջնորդի դեր ստանձնել պաղեստինյան շարժման հետ բանակցություններում։
Ինքնին Իսրայելի ընտրական համատեքստը լրացուցիչ յուղ է լցնում կրակի վրա։ Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ գործող վարչապետի համար ոչ նպաստավոր սոցիոլոգիական հարցումների ֆոնին արտաքին քաղաքական ցանկացած ճգնաժամ օգտագործվում է պահպանողական ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար։
Ընդդիմության և զինվորականների կոշտ դիրքորոշումը
Անկարայի նկատմամբ թշնամանքը կիսում է նախ և առաջ ոչ միայն իշխող կոալիցիան, այլև իսրայելյան ընդդիմության առաջատար գործիչները։ Նաֆթալի Բենեթն ավելի վաղ հայտարարել էր, թե «Թուրքիան նոր Իրանն է»։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնին հավակնող Յաիր Լապիդն աջակցել է Սիրիայում Աբու ադ-Դուհուր ավիաբազային հասցված հարվածին՝ միաժամանակ կոչ անելով բախումները կանխող գործնական մեխանիզմներ կառուցել։
Իսրայելի ռազմական էլիտան նույնպես կիսում է այս մտավախությունները։ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, բուֆերային գոտում զորքերի ստուգայցի ժամանակ, հայտարարել է, որ բանակը հետևում է սիրիական ուղղությամբ փոփոխություններին և թույլ չի տա թշնամական ուժերին ամրանալ պետության սահմանների մոտ։
2025 թվականի սկզբին գեներալ Յակով Նագելի ղեկավարությամբ պատրաստված ռազմավարական զեկույցը զգուշացնում է Թուրքիայի աճող տարածաշրջանային հավակնությունների և երկու պետությունների միջև ուղղակի ռազմական բախման ռիսկերի մասին։ Սա հաստատում են նաև անկախ փորձագետները, օրինակ՝ Հերցլիայի Ռայխմանի համալսարանին կից Ահաբեկչության դեմ պայքարի ինստիտուտի հետազոտող Էլի Կարմոնը։