«Հանգիստ թողեք իմ քիթը». Դանիայի վարչապետը վրդովվել է գեղեցկության վերաբերյալ խորհուրդներից

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հոգնել է իր արտաքինի վերաբերյալ չպահանջված խորհուրդներ ստանալուց։

Կառավարության 48-ամյա ղեկավարը Instagram-ում գրել է, որ հենց նոր է տուն վերադարձել Ուկրաինա կատարած այցից, որտեղ ստիպված է եղել օդային տագնապի ազդանշաններ լսել։ Սակայն վերադառնալուց հետո նա նկատել է պլաստիկ վիրաբույժից ստացված հաղորդագրություն, որտեղ նրան առաջարկում էին «ուղղել քթի փոքրիկ բիծը»։

«Արդեն հաշիվս կորցրել եմ, թե այս տարիների ընթացքում որքան հաղորդագրություն եմ ստացել արտաքինիս մասին», — գրել է Ֆրեդերիկսենը։

Նրա խոսքով՝ հատկապես հաճախ են ակնարկում, որ ինքը «տգեղ ատամներ ու բարակ մազեր ունի», իսկ քթին՝ «տգեղ գորտնուկ»։ Բացի այդ, նրան պարբերաբար, իբր բարի նպատակներով, խորհուրդ են տալիս բոտոքս անել։

Սկանդինավյան երկրի վարչապետը Instagram-ում հրապարակել է պլաստիկ վիրաբույժի հաղորդագրության սքրինշոթը, սակայն չի բացահայտել նրա անունը։

Նա ներկայացրել է նաև մասնագետին ուղղված իր պատասխանը․ «Օ՜, ոչ։ Ես գոհ եմ իմ մարմնից, և տղամարդ պլաստիկ վիրաբույժի կարծիքն այս հարցում ինձ իսկապես պետք չէ»։

Ֆրեդերիկսենը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է և Դանիայի պատմության մեջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող երկրորդ կինը։ Այժմ նա արդեն երրորդ ժամկետով է ղեկավարում երկրի կառավարությունը։

Instagram-ի իր գրառման մեջ Դանիայի վարչապետը շեշտել է, որ չի միջամտում այլոց արտաքինին և լիովին հանգիստ է վերաբերվում սեփականին։ «Ես հրաշալի եմ զգում իմ մարմնում՝ հենց այնպիսին, ինչպիսին այն կա, երբ կինը մոտենում է 50 տարեկանին», — հայտարարել է նա։

Ֆրեդերիկսենը հավելել է, որ եթե մարդիկ ցանկանում են իրեն գրել (իսկ ինքը «ավելի քան ուրախ է» հաղորդագրություններ ստանալ), հույս ունի, որ նրանք իրենց ժամանակը կօգտագործեն ավելի կարևոր թեմաներով խոսելու համար․ «Եվ ոչ թե իմ քթի»։

Վարչապետի խոսքով՝ իր արտաքինի վերաբերյալ չպահանջված խորհուրդներն ու առաջարկները վրդովմունք են առաջացնում։ Նա նաև հավելել է, որ այդ օրը ցանկանում է «հատկապես ջերմ խոսքեր» ուղղել բոլոր նրանց, ովքեր ստիպված են ամեն օր առերեսվել սեփական «իդեալական անկատարություններին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *