ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ «տնտեսական հարձակման» մասին, որը ուղղված է նաև այն երրորդ երկրների դեմ, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թեհրանի ռեժիմին։
Մամուլի ասուլիսի ժամանակ ունեցած ելույթում Բեսենթը հայտարարել է, որ պատժամիջոցների նոր ալիքի նպատակը Իրանին մեկուսացման մեջ պահելն է՝ նրան զրկելով արտաքին ֆինանսավորման աղբյուրներից, հաղորդում է Fox News-ը։
«Իրանն այժմ կանգնած է միանգամայն հստակ ընտրության առաջ․ նրա առջև կա միայն երկու ճանապարհ։ Կամ՝ լիակատար համաշխարհային մեկուսացում և գոյատևման տնտեսություն, կամ վերադարձ բնականոն կյանքին՝ համաշխարհային տնտեսության մեջ կրկին ինտեգրվելու հնարավորությամբ», — հայտարարել է Բեսենթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սկսում է «Տնտեսական վտարանդիներ» գործողությունը (Operation Economic Outcasts), որպեսզի Իրանին զրկի ցանկացած այլ հասանելի տարբերակից։
Բեսենթի խոսքով՝ նոր պատժամիջոցներն ուղղված են հինգ ամենակարևոր ֆինանսական «զարկերակների» դեմ, որոնք Իրանին թույլ են տալիս արտերկրում պահպանել իր տնտեսությունը․
-
թվային ակտիվներ,
-
տեխնոլոգիաներ,
-
ոսկի,
-
ավիացիա,
-
նավագնացություն։
Նախարարի խոսքով՝ Իրանն այլ երկրներում օգտագործում է համապատասխան ոլորտները՝ իր տնտեսությունը պահպանելու և պատժամիջոցները շրջանցելու համար։
«Այս միջոցներն ընդլայնում են երկրորդային պատժամիջոցների կիրառման ռիսկը նաև այս ռեժիմի հետ համագործակծող անխոհեմ երկրների համար», — հայտարարել է Բեսենթը։ Նա ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը անվանել է «այս ռեժիմի տնտեսական խեղդում»։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ Վաշինգտոնն այլևս մտադիր չէ աչք փակել երրորդ երկրների կողմից «մոխրագույն գոտի» զբաղեցնելու վրա։ Խոսքը վերաբերում է այնպիսի քայլերին, ինչպիսիք են իրանական օդանավերի սպասարկումը կամ Թեհրանի ռեժիմի շահերից ելնող բանկային հաշիվների պահպանումը։
«Նրանք, ովքեր կկանգնեն Միացյալ Նահանգների կողքին, կքաղեն մեր գործընկերության պտուղները», — հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։
Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնք շարունակում են աջակցել Իրանին, «կթառամեն»՝ ակնարկելով լուրջ տնտեսական հետևանքների մասին։