NASA-ի տիեզերագնաց Անիլ Մենոնը և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) ֆրանսիացի տիեզերագնաց Սոֆի Ադենոն բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ), հայտնում է գործակալության պաշտոնական աղբյուրը։
Նրանք բաց տիեզերք են դուրս եկել ԱՄՆ արևելյան ժամանակով առավոտյան 08:27-ին: Աշխատանքների ընթացքում նրանք պետք է փոխարինեն կայանի և Երկրի միջև կապ ապահովող Space-to-Ground ալեհավաքը։
Անիլ Մենոնը հանդես է գալիս որպես ելքի առաջին մասնակից և աշխատում է կարմիր շերտերով սկաֆանդրով: Սոֆի Ադենոն երկրորդ մասնակիցն է. նրա սկաֆանդրը չունի տարբերակիչ շերտեր:
Օգոստոսի 18-ին տեղի ունեցած նախորդ ելքի ժամանակ Սոֆի Ադենոն և Անիլ Մենոնը ապամոնտաժել են կապի անսարք ալեհավաքը և այն ամրացրել Միջազգային տիեզերակայանի արտաքին կառույցի վրա: Սակայն գործողությունն ավելի շատ ժամանակ է պահանջել, քան նախատեսված է եղել և հենց այդ պատճառով էլ նրանք չեն կարողացել նոր ալեհավաք տեղադրել:
Այսօրվա ելքը դարձավ այդ աշխատանքի շարունակությունը. նրանք պետք է տեղադրեն պահեստային ալեհավաքն ու ավարտեն սկսած նորոգումը: Անիլ Մենոնի համար սա արդեն երրորդ ելքն է բաց տիեզերք, մինչդեռ Սոֆի Ադենոն երկրորդ անգամ է աշխատում կայանից դուրս: Նրա առաջին անգամ դուրս է եկել օգոստոսի 18-ին։ Դա պատմական պահ է եղել, քանի որ Ադենոն դարձել է բաց տիեզերք դուրս եկած առաջին ֆրանսուհին: